Կիբերզեղծարարության զոհ դարձած քաղաքացիները, որոնք զգալի գումարներ են կորցրել, կրկին հավաքվել են Քննչական կոմիտեի առջեւ։ Ըստ տարածված հայտարարության, բողոքի նախորդ ցույցից հետո իրենց փոխանցվել էր, որ աշխատանքներ են տարվում խնդրին օրինական լուծում տալու ուղղությամբ, սակայն ՔԿ-ն մինչեւ օրս որեւէ հստակ ժամկետ չի ներկայացրել, եւ քաղաքացիներին առաջարկվում է պարզապես սպասել։
Տուժողների շահերը ներկայացնող իրավապաշտպան, «Հանրային վերահսկող» հ/կ նախագահ Մհեր Կարագյոզյանը նշեց, որ քաղաքացիները տուժել են օտարերկրյա կազմակերպություններից եւ արդյունքում կորցրել են գումարներ։ «Այստեղ կարեւոր է պետական պատասխանատվությունը։ Մեր նախորդ բողոքի ակցիայի արդյունքում մենք ֆիքսել ենք փոքր հաջողություններ։ Մենք փորձել ենք խնդիրը լուծել երկխոսության ճանապարհով եւ հասել ենք նրան, որ ունենք պետական մարմինների, հատկապես, ՔԿ-ի կողմից խնդիրը, կարծես, լուծելու պատրաստակամություն։ Նրանք խոստացել են, որ գումարները կվերադարձվեն եւ պարզապես ժամանակ է անհրաժեշտ օրենսդրական լուծումներ, ինչ-որ մեխանիզմներ գտնելու համար։ Սակայն մեզ ժամկետ չեն ասել։
Քանի դեռ չկա ժամկետ, հետեւաբար, չկա լուծում։ Մենք չենք պատրաստվում ամբողջ կյանքում սպասել։ Դրա համար այսօր պահանջելու ենք, որ Քննչական կոմիտեն հնչեցնի հստակ ժամկետներ, թե երբվանից սկսած եւ ինչ մեխանիզմներով պետք է վերադարձվեն այդ գումարները»,-ասաց Մհեր Կարագյոզյանը։
Թե քաղաքացիները ում պատճառով են տուժել, ըստ էության, միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում ծավալած գործունեությունից, Մհեր Կարագյոզյանը հստակ հնչեցրեց պետական մարմինների անուններ. «ՆԳ նախարարության կիբերանվտանգության վարչությունը, Գլխավոր դատախազության սեփականության իրավունքի պաշտպանության վարչությունը, Քննչական կոմիտեի հատուկ կարեւոր դեպքերի քննության վարչությունը։ Սրանց ձախողման հետեւանքով են քաղաքացիները դարձել զեղծարարության զոհեր, կրել հսկայական նյութական եւ ֆինանսական վնասներ։
Մեր բողոքի նախորդ ակցիան եղել է 2-3 օր առաջ։ Այս ընթացքում մեզ դիմել են նոր քաղաքացիներ, որոնք դիմել են ոստիկանություններ, ՔԿ մարզային վարչություններ եւ մերժվել են։ Մենք հանցագործությունների մասին էլի հաղորդումներ ենք պատրաստել եւ բերել ենք մուտք անելու։ ՔԿ-ում եւ գլխավոր դատախազությունում հանցագործության մասին մեր հաղորդումները ընդունվել են վարույթ, քաղաքացիներին ճանաչում են տուժող եւ կանչում ցուցմունք տալու։ Այսինքն, առաջնորդվում են բնականոն ընթացակարգերով, ինչը չկար մինչեւ մեր ակցիաները, բայց պիտի լիներ դեռ վաղուց։
Մենք հիմա հանցագործության մասին նոր հաղորդումները մուտք կանենք ՔԿ եւ կսպասենք հստակ արձագանքի։ Մեզ հետաքրքրում է առաջինը քաղաքացիների իրավունքների վերականգնումը։ Իրենք կգտնեն, թե չեն գտնի մեխանիզմները՝ ես իրավապաշտպան եմ, ինձ հետաքրքրում են քաղաքացիների իրավունքները։ Ես թքած ունեմ այն բոլոր օրենքների վրա, որոնք չեն պաշտպանում մեր քաղաքացիների իրավունքները։ Թող ճղեն, թափեն, դեն նետեն այն օրենքները, եթե այդ օրենքները անպիտան են եւ չեն պաշտպանում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացիներին»,-ասաց իրավապաշտպանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
