Սա բարեփոխում չէ։ Սա պատասխանատվությունից ազատվել է. Անուշ Պողոսյան

Նախարարությունն օպտիմալացնում է ամեն ինչ՝ նույնիսկ վտանգավոր հիվանդությունները

«Առողջապահության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Առողջապահության նախարարությունը օպտիմալացնում է ամեն ինչ՝ նույնիսկ վտանգավոր հիվանդությունները՝ 34-ից 9-ը

https://www.e-draft.am/projects/9554/about

Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ 34 հիվանդություններ համարվել են շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ։

Սրանք այն վարակիչ հիվանդություններն են, որոնք կարող են արագ տարածվել՝ առաջացնելով համաճարակային վտանգ և պահանջելով պետության անմիջական, պարտադիր և համակարգային միջամտություն։

Այս հիվանդությունների դեպքում պետությունն ունի հստակ սահմանված գործառույթներ։

Պետության անելիքը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում՝
1․Վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և պարտադիր գրանցում
2․Յուրաքանչյուր դեպքի օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն
3․Վարակված անձանց մեկուսացում և բուժման կազմակերպում պետական պատվերի շրջանակներում
4․Կոնտակտավոր անձանց հայտնաբերում, հսկողություն և կարանտին
5․Պետական պատվաստումների իրականացում և օջախներում լրացուցիչ իմունիզացիա
6․Անվճար կամ պետական պատվերով բուժօգնության կազմակերպում
7․Ինֆեկցիոն ծառայությունների և լաբորատոր կարողությունների ապահովում
8․Սանիտարահիգիենիկ վերահսկողություն՝ հանրային վայրերում, սննդի և ջրի ոլորտում
9․Հանրային իրազեկում և պաշտոնական հաղորդակցություն
10․Պարտադիր ցուցումների տրամադրում բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններին
11․Համաճարակային իրավիճակում ժամանակավոր սահմանափակումների կիրառում
12․Բուժանձնակազմի պաշտպանություն և ապահովում անհրաժեշտ միջոցներով
13․Պետական պահուստների ձևավորում (դեղեր, պաշտպանիչ միջոցներ)
14․Իրավական վերահսկողություն և պատասխանատվության կիրառում խախտումների դեպքում
15․Միջգերատեսչական համակարգված աշխատանք (ԱՆ, ՏԻՄ, ոստիկանություն, կրթական կառույցներ)

Սակայն այսօր հայտարարվում է, որ այս հիվանդությունների ցանկը կտրուկ կրճատվում է, և այսուհետ հատուկ վտանգավոր կհամարվեն ընդամենը 9 հիվանդություններ։

Ի՞նչ է սա նշանակում գործնականում։

Սա նշանակում է, որ պետությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության,
👉 հրաժարվում է իր պարտավորությունների զգալի մասից,
👉 սահմանափակում է պետական միջամտությունը,
👉 և փաստացի հայտարարում է․ «մնացած հիվանդությունները այլևս մեր խնդիրն չեն»։

Սա առողջապահական բարեփոխում չէ։
Սա պատասխանատվությունից ազատվել է։
Սա պետության կողմից սեփական գործառույթների կրճատում է՝ հանրային առողջության հաշվին։

Երբ հիվանդությունը «դուրս է գալիս ցանկից», դուրս են գալիս նաև՝
❎պետության պարտադիր արձագանքը,
❎անվճար բուժօգնության երաշխիքները,
❎համաճարակաբանական լիարժեք վերահսկողությունը։

Եվ այո, այս իրավիճակում կարելի է միայն մեկ բան ասել․ պետությունը բառացիորեն «ձեռքերը լվանում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment