Բոլոր դրամատիկ պահերին ես մտածում եմ` ո՞րն է ամենավատ սցենարը, այս պատմության ամենավատ ելքը, ի՞նչ կարող են անել Հայաստանի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարող մութ ուժերը, որոնց գլխավոր ներկայացուցիչն այստեղ Նիկոլ Փաշինյանն է: Պարզ է, որ Վեհափառը հրաժարական չի տա՝ դա նրա կողմից, մեղմ ասած, կլիներ ծայրահեղ անպատասխանատու քայլ:
Կաթողիկոսին կարող են ազատազրկել՝ ինչ-որ մեղադրանք մոգոնելով: Այդ դեպքում նա կշարունակի մնալ կաթողիկոս:
Փաշինյանի սպասավորները կարող են նաեւ կաթողիկոսին սպանել՝ նրանց բոլշեւիկյան հոգեհայրերն այդպես են վարվել Խորեն առաջին Մուրադբեկյանի հետ 1938 թվականին Էջմիածնում: Այդ ողբերգական ելքը, սակայն, ներկա իշխանություններին ոչինչ չի տա՝ ավելի մեծ քանակով մարդկանց կտրամադրի իրենց դեմ: Առանց այդ էլ ներկայիս վարչապետի անունը, մասնավորապես, իր այս անպատկառ սադրանքների համար սեւ տառերով է գրվելու հայոց պատմության մեջ: Իսկ 10 տիրադավների անունները, ավելի վատ՝ կդառնան ամենավերջին ստորության խորհրդանիշ: Որովհետեւ դեռ հարց է, թե ո՞վ է ավելի մեծ հրեշ՝ նա, ով ստորացնո՞ւմ է, թե՞ նա, ով պատրաստ է ստորանալ: Հիշո՞ւմ եք ֆրանսիական «Խաղալիք» ֆիլմը:
Միակ շոշափելի արդյունքը, որին հասել է Փաշինյանը, դա հայաստանյան հասարակության քիչ է ասել՝ պառակտումն է, բզկտվածությունը: Այդ վիճակն, իհարկե, ձեռնտու է իշխանություններին՝ ընտրություններից առաջ:
Նիկոլականները կարծում են, որ «ժողովուրդը» ցանկանում է Վեհափառի հրաժարականը, հականիկոլականները պնդում են, որ «ժողովուրդը» դա չի ցանկանում, եւ այդ երկու մեծ խմբերից յուրաքանչյուրը հակառակ խմբին «ժողովուրդ» չի համարում: Ընդ որում, այդ խմբերի ներկայացուցիչները վստահ են, որ իրենք մեծամասնության մեջ են, իսկ «հակառակորդները»՝ փոքրամասնության:
Ես, ինչպես քանիցս ասել եմ, խուսափում եմ «ժողովուրդ» բառից, բայց կարծում եմ, որ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իրենց դիրքորոշումն ունենալ: «Ո՞վ է ճիշտ» հարցին կա միայն մեկ պատասխան՝ օրենքները՝ եկեղեցական եւ պետական: Ո՞վ է ընտրում կաթողիկոսին, ո՞վ կարող է նրան պաշտոնանկ անել, արդյո՞ք այդ հարցերով զբաղվելու որեւէ իրավասություն ունի վարչապետը:
Կարծում եմ, ցանկացած գրագետ քաղաքացի այդ հարցերի պատասխանը գիտի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: