Որքանո՞վ են կարեւորվում օրերս TRIPP-ի մասին Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի հնչեցրած հայտարարությունները, եւ որքանո՞վ պետք է այդ դիրքորոշումը մտահոգի պաշտոնական Երեւանին:
Խոսքը, բնականաբար, վերաբերում է դեկտեմբերի 15-ին ԻԻՀ-ում ԻՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի եւ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալիաքբար Վելայաթիի հանդիպմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ տեղի ունեցած զրույցին, որի ընթացքում Վելայաթին այդ ծրագիրը նույնականացրել է «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան:
Ընդհանուր առմամբ, Ալիաքբար Վելայաթիի հայտարարություններն Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշումները չեն հանդիսանում:
Իրանի պաշտոնական դիրքորոշումների մասին հայտարարությունները տարածվում են նախագահի, կառավարության անդամների (հատկապես՝ ԱԳ նախարարի) եւ կառավարության խոսնակի կողմից: Կառավարության հայտարարություններն ու որոշումները նույնպես կարող են պաշտոնական դիրքորոշումների հրապարակման համար հիմք հանդիսանալ: Սակայն Ալիաքբար Վելայաթին կառավարության անդամ չէ:
Կարեւոր է, սակայն, հաշվի առնել այն հանգամանքը, որ Վելայաթիի հայտարարությունները հաճախ արտացոլում են առաջնորդի կողմից արտաքին քաղաքականության ոլորտում ընդունելի համարվող տեսակետները կամ քաղաքականությունը (նաեւ՝ կարմիր գծերը):
Հետեւաբար, նրա խոսքը կարող է ընկալվել որպես արտաքին աշխարհին ուղղված ոչ պաշտոնական, բայց հասցեական ուղերձ:
Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ Վելայաթիի ուղերձները պարտադիր կերպով համաձայնեցվում են երկրի գերագույն առաջնորդի հետ:
Իսկ եթե Վելայաթին իր հայտարարությունները ձեւակերպելիս հանդես է գալիս գերագույն առաջնորդի կամ պարզապես Իրանի անունից, ապա նրա ասածները կարող են նաեւ արտահայտել երկրի պաշտոնական դիրքորոշումը: Տվյալ դեպքում ուշադրություն դարձնենք զրույցի ժամանակ Վելայաթիի հնչեցրած խոսքի այս հատվածին՝ ըստ իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության.
«Վելայաթին անդրադարձել է նաեւ Կովկասում այսպես կոչված՝ «Թրամփի ծրագրին», այն գնահատելով որպես «Զանգեզուրի միջանցքի» նախագծից էականորեն չտարբեվող ծրագիր՝ ընդգծելով, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»:
Այս դեպքում Վելայաթին արտահայտում է ոչ թե իր, այլ ԻԻՀ-ի դիրքորոշումը:
Եւս մի կարեւոր հանգամանք. Վելայաթիի ուղերձի պաշտոնականությունն ավելի կընդգծվի, եթե պարզվի, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի հետ հանդիպման նախաձեռնողը եղել է իրանական կողմը: Սակայն տվյալ հանդիպման մասին հրապարակված հաղորդագրություններից (իրանական եւ հայկական) դժվար է հստակ եզրակացությունների հանգել:
Վելայաթի-Հակոբյան հանդիպման շարժառիթը ըստ իրանցի քաղաքական մեկնաբան Մեդդի Բազարգանի
Իրանական «Շարղ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Մեհդի Բազարգանի՝ «Երեւանյան ուղին՝ Իրանի ռազմավարությունը» խորագրով հոդվածը գրի է առնվել՝ նկատի ունենալով Իսրայելի հետ Հայաստանի վերջին շփումները եւ դրանով պայմանավորված՝ իրանական կողմի մտահոգությունները:
Քաղաքական մեկնաբանն Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Վելայաթիի ու Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի օրերս կայացած հանդիպումը նույնպես պայմանավորում է այդ շփումներով:
Հոդվածագիրը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Թրամփի երթուղու» վերաբերյալ վերջին հայտարարությունները, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի այցը Իսրայել, կրկին սրել են Իրանի մտահոգություններն անվտանգության առումով: Ըստ հեղինակի, այս զարգացումները հանգեցրել են նրան, որ Թեհրանում կազմակերպվել է Խամենիի խորհրդական Վելայաթիի ու Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումը, նպատակ ունենալով դեսպանին հիշեցնելու Իրանի կարմիր գծերը Հարավային Կովկասի եւ Հայաստանի տարածքով հաղորդակցական ուղիների հարցում:
Բազարգանի գնահատմամբ՝ Իսրայելի հետ Հայաստանի ուղղակի խորհրդակցությունների անցկացումը՝ առանց Թեհրանի նկատառումները բավարար չափով հաշվի առնելու, վկայում է հօգուտ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի, Երեւանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերադասավորման մասին, ինչը բացահայտ հակասում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի եւ Թեհրանում դեսպանի հայտարարություններին Վելայաթիի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ հոդվածագրի, Վելայաթիի հայտարարություններից հետո, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը ենթակառուցվածքային նախագծերում ամբողջությամբ հաշվի է առնում իր հարեւանների կենսական շահերը: Նրա խոսքով՝ «ոչ մի դեպքում հնարավոր չէ, որ Հայաստանում որեւէ նախագիծ հակասի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կամ իրականացվի երկրի լիակատար իրավասությունից դուրս: Հոդվածագիրը վկայակոչելով Ռուբինյանին՝ հավելում է. «Մենք նաեւ հաշվի ենք առնում մեր հարեւանների կենսական շահերը, իսկ Իրանի պարագայում այդ շահերը մեծապես համընկնում են Հայաստանի շահերի հետ»: Ըստ Բազարգանի, Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանը տվյալ հարցում մշտապես կապի մեջ է իր գործընկերների հետ եւ ընդգծել, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումները փոխանցվում են արտաքին գործերի նախարարության միջոցով, եւ Հայաստանը հենց դրանք է հիմք ընդունում: Նա նաեւ ասել է, որ «Թրամփի նախագիծը» մշակվել է Իրանի հստակ գծված կարմիր գծերի լիարժեք գիտակցմամբ՝ հավելելով, որ դա միայն Իրանի կարմիր գիծը չէ, այլ առաջին հերթին՝ Հայաստանի:
Հոդվածագրի կարծիքով, Իրանն այս զարգացումներին ի պատասխան փորձել է արձագանքել ակտիվ դիվանագիտության եւ տարածաշրջանային հավասարակշռման միջոցով: Բազարգանը նշում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին 2025 թ. դեկտեմբերի 7-ին, Վահան Կոստանյանի Իսրայել կատարած այցից մեկ շաբաթ անց, այցելել է Բաքու՝ ադրբեջանցի պաշտոնյաների հետ խորհրդակցելու եւ տարածաշրջանում դիվանագիտական հավասարակշռություն հաստատելու նպատակով, ինչպես նաեւ Թեհրանի դիրքորոշումները հաղորդակցական նախագծերի եւ միջանցքային երթուղիների վերաբերյալ, հատկապես Իրանի հյուսիսում եւ Հարավային Կովկասում, ուղղակիորեն փոխանցելու շահագրգիռ կողմերին: Արաղչիի այցի համընկնումը Կոստանյանի Իսրայել այցին հաջորդած ժամանակահատվածում, հավելում է Մեհդի Բազարգանը, ուժեղացրել է ենթադրությունները Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների եւ արտատարածաշրջանային դերակատարների ազդեցության աճի վերաբերյալ: Հոդվածագրի գնահատմամբ, այս զարգացումները ցույց են տալիս, որ Թեհրանը ձգտում է հավասարակշռված դիվանագիտության եւ տարածաշրջանային խորհրդակցությունների միջոցով, միաժամանակ ապահովելով սահմանների անվտանգությունը, կանխել այնպիսի նախագծերի ազդեցության ընդլայնումը, որոնք կարող են պոտենցիալ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի կայունության համար: Այս պայմաններում Իրանի զգայունությունը «Թրամփի երթուղու» եւ Հայաստանի տարածքով Բաքու-Նախիջեւան հաղորդակցություն ստեղծելու փորձերի նկատմամբ, որպես տարածաշրջանային դիվանագիտական հավասարակշռության կարեւոր առանցք, առավել մեծ նշանակություն է ստանում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ