Արդյո՞ք  Իրանը գնում է Թուրքիայի հետքերով

Իրանի քաղաքական եւ հասարակական շրջանակներում վերջին ամիսներին ակտիվացել է մի հարց, որը մինչ այժմ համարվել է գաղափարական սկզբունք` պարտադիր գլխաշորի հավանական մեղմացումը կամ չեղարկումը: Այս թեման դարձել է հանրային լայն քննարկումների առանցքը՝ արտահայտելով ինչպես հասարակական դժգոհությունները, այնպես էլ իշխանությունների ներսում տեղի ունեցող հնարավոր վերադասավորումները: Սա ակամա հիշեցնում է Թուրքիան՝ 20-րդ դարի սկիզբը, երբ Քեմալ Աթաթուրքի բարեփոխումները նպատակ ունեին սահմանափակել կրոնական ազդեցությունը եւ հասարակությանը տալ աշխարհիկ ուղղություն:

Քեմալ Աթաթուրքի նախաձեռնած բարեփոխումները միտված էին ոչ միայն կրոնական սահմանափակումների թուլացմանը, այլեւ հասարակական կյանքի հստակ արեւմտականացմանը: Կինը դիտարկվում էր որպես նոր հանրապետական գաղափարախոսության խորհրդանիշ: Կանայք, որոնք հրաժարվում էին գլխաշորից եւ կրում էին արեւմտյան հագուստ, ներկայացվում էին որպես «իրական հանրապետականներ»՝ ընդունակ մարմնավորելու պետության նոր ինքնությունը:

1936 թ. հունվարի 8-ին Պարսկաստանի Ռեզա Շահը նախաձեռնեց բարեփոխում, որով սահմանվեց կանանց գլխաշորից հրաժարվելու եւ եվրոպական հագուստի կիրառումը խրախուսող պետական քաղաքականություն՝ որպես Իրանի սոցիալ-մշակութային արդիականացման ծրագրի մաս:

Պահպանողական շերտի համար այդ նոր նախաձեռնությունը դժվար ընդունելի էր: Միեւնույն ժամանակ բարեփոխումները հնարավորություն տվեցին բազմաթիվ կանանց ավելի ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում:

Նույն տարվա Թուրքիա այցից հետո Ռեզա շահը իր ելույթներում ընդգծեց, որ այժմ կանայք կարող են օգտվել մայրության արտոնությունից դուրս նաեւ այլ իրավունքներից: Այս խոսքերն արտացոլում էին ոչ միայն Իրանի կանանց իրավունքների վիճակը, այլեւ հասարակության վերաբերմունքը կնոջ դերին այդ ժամանակաշրջանում:

Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, մինչ օրս ներկայացվում է որպես խիստ կրոնական պետություն, որի միջազգային ու ներքին ինքնությունը հիմնված է իսլամական արժեքների վրա: Գլխաշորը ծառայում է ոչ միայն որպես կրոնական պարտավորություն, այլեւ որպես պետական գաղափարախոսության առանցքային բաղադրիչ:

Միեւնույն ժամանակ պետք է ընդգծել, որ պահպանողական մուսուլմանների համար Ղուրանի պահանջները չեն ենթարկվում փոփոխության:

Ղուրանում կնոջ ծածկված լինելը համարվում է պարտադիր եւ ընկալվում որպես հավատքի ու բարոյական պաշտպանության խորհրդանիշ, ուստի գլխաշորի պարտադրանքի մեղմացումը հնարավոր է դիտարկել ոչ թե որպես կրոնական մեկնաբանության փոփոխություն, այլ՝ պետական քաղաքականության քայլ, որը կարող է առաջացնել հասարակական ընկալումների տարբերություն եւ լարվածություն:

Չնայած տարբեր ժամանակաշրջաններին եւ պատմական իրողություններին, հարց է առաջանում՝ արդյո՞ք Իրանը, թեկուզ անուղղակիորեն, փորձում է կրկնել Թուրքիայի արեւմտականացման որոշ տարրեր.

Թուրքիայում աշխարհիկացումը բացահայտ պետական քաղաքականություն էր՝ հստակ նպատակներով:

Իրանում պաշտոնական հայտարարություն չկա եւ փոփոխությունները, եթե լինեն, ավելի շատ թիրախավորում են հասարակական տրամադրությունների կառավարումը, քան՝ արժեքային հեղափոխությունը:

Թեհրանը դժվար թե հրաժարվի իր իսլամական ինքնությունից, սակայն կարող է ընտրել «մեղմացման» ռազմավարություն ներսում ճնշումները նվազեցնելու կամ արտաքին ճնշումների պայմաններում ավելի ճկուն դիրքավորվելու համար:

1979 թվականի Իրանի հեղաշրջումից հետո, երբ տապալվեց Ռեզա Շահ Փահլավիի ռեժիմը եւ իշխանությունը անցավ իսլամական հոգեւոր շրջանակներին, գլխաշորի կրումը դարձավ պարտադիր: Մինչդեռ Թուրքիայում իրավիճակն այլ է. այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ է մեծարում Քեմալ Աթաթուրքին, սակայն հենց Աթաթուրքն է առաջինը արգելել կանանց գլխաշոր կրելը: Միեւնույն ժամանակ, Թայիփ Էրդողանի կինը ծածկված է, ինչը ցույց է տալիս, թե որքան բարդ է հասարակական ու քաղաքական նորմերի համադրությունը: Այս հակադրությունն ընդգծում է, որ քաղաքական դիրքորոշումները եւ հասարակության ընկալումները հաճախ կարող են լինել խիստ բազմաշերտ եւ հակասական:

Այսպիսով, Իրանը այսօր չի կրկնում Թուրքիայի ուղին բառացիորեն, սակայն որոշ նմանություններ նկատելի են՝ հատկապես այն մասում, որտեղ կանանց վարքագիծն ու արտաքին տեսքը դառնում են քաղաքական գործընթացների հնարավոր կառավարելի գործիք: Եթե Թուրքիայում գլխաշորը քաղաքականացվեց՝ այն արգելելով, ապա Իրանում այն քաղաքականացվում է՝ պարտադրանքը քննարկման դնելով: Երկու դեպքում էլ փոփոխությունները անմիջական ազդեցություն ունեն կանանց հասարակական դիրքի եւ մասնակցության վրա, ինչը առաջացնում է հասարակական լայն քննարկումներ եւ տարակարծություններ:

ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի

Տնտեսագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

Leave a Comment