Հիմնանորոգվել է Վարդանաշեն-Արմավիր ճանապարհի յոթ կիլոմետրանոց հատվածը

Արմավիրի մարզում կառուցվում են ճանապարհներ, որոնք կենսական նշանակություն ունեն: Այդ ճանապարհներով են բնակիչները գյուղմթերքը հասցնում շուկա։ Այս տարվա գարնանից հիմնանորոգվում է միջպետական նշանակության 2 ճանապարհներն իրար կապող Վարդանաշեն-Նորապատ ճանապարհահատվածը: Ճանապարհաշինական աշխատանքները սկսվել են մայիսից և կավարտվեն եկող տարի:

Արմավիր-Մարգարա երթուղային ավտոբուսը օրվա մեջ մի քանի  շրջապտույտ  կատարելով մարզի 8 գյուղերի ուղևորներին  հասցնում է իրենց բնակավայրեր: Մինչև նորոգումը երթուղային տրանսպորտը  մեծ դժվարությամբ է երթևեկել  քանդված ճանապարհով։ Վարորդները երբեմն ստիպված են եղել շեղվել սահմանված երթուղուց, ավելի շատ ժամանակ են ծախսել, մեքենաներն էլ հաճախ են  խափանվել: Վարորդ Վաչիկը 7 տարի  սպասարկում է այդ երթուղին:

«Էս ճամփեքի վրա ինչը չի խափանվել, 3-4 օրը մեկը սարք է ջարդվում: Եղել է, որ մի օրով, կես օրով չի շահագործվել մեքենան»:

Ավտոբուսի անսարքության դեպքում ուղևորները ստիպված են լինում տաքսիներով երթևեկել: Զրուցակիցս Մարգարա գյուղի վարչակազմի աշխատակից է: Ամեն օր առավոտ շուտ Արմավիրից մեկնում է աշխատանքի, երեկոյան վերադառնում տուն: Նույն ուղին են անցնում նաև գյուղերի մանկավարժները:

«Մեքենան հաճախակի փչանում է, թե չէ ինչո՞ւ ենք մենք տաքսիներից օգտվում: Արմավիրից-Մարգարա տաքսին 3000 դրամով է գնում: Իբրև ինչ ենք ստանում, որ մի հատ էլ տաքսիներին ենք գումար տալիս: Վեց տարի այս երթուղուց եմ օգտվում: Ճանապարհը դժվարությամբ ենք անցել և ուշ տեղ հասել»:

Արմավիր –Մարգարա  ճանապարհը վերանորոգվել էր 2009 թվականին, սակայն կարճ ժամանակ անց քանդվել է: Ավելի անմխիթար վիճակում էր հայտնվել Արգավանդ-Արազափ 3 կմ-ոց հատվածը: Մայիսի 13-ից սկսվել է Վարդանաշեն-Նորապատ  հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը, որը Մ5 միջպետական Երևան-Արմավիր– Թուրքիայի պետական սահման ավտոճանապարհը կապում է Մ3 Մարգարա-Վանաձոր-Վրաստանի սահման մայրուղու հետ: Ասֆալտապատումը հասել է մինչև Տանձուտ, սկսվել է Այգեշատ-Արմավիր հատվածի հիմնանորոգումը՝ ասում է ճանապարհաշինարար Սևակ Եդիգարյանը:

«Այս 7 կմ ճանապարհը Վարդանաշենից  մինչև Արազափ, Արգավանդ է: Հիմքը վերամշակել ենք սառը բետոնով, տեղադրել ենք 7 սմ խոշորահատիկ ասֆալտե ծածկ, հետո 5 սմ՝ մանրահատիկ: Մնում է այստեղ սարքել մուտքերն ու իջատեղերը, հետո մայթերը»:

Արազափում շինարարները մայթերի լիցքերն էին անում, ավարտին հասցնում կիսատ թողածը: Մայթերը տեխնիկայով հավասարեցրել են. ամրացրել ու սալիկապատել:

«Ցեմենտ ենք լցնում վրան, փոքր անցքեր են մնացել, դա ենք փակում, որ անցքեր չլինեն, շուտ չփչանան:  Ցեմենտի ու ավազի խառնուրդ է: Եթե հիմա ավլելուց հետո անձրև գա, պարզ է, որ ավելի կամրանա: Սրանից հետո մաքուր ավլելու ենք սալիկները»:

Մայթերից հետո գծանշումներն են արվելու և տեղադրվելու են ճանապարհային երթևեկության նշանները:  Այս ճանապարհի նորոգումով լուծվելու է 8 գյուղերի  բնակիչների համար թերևս ամենակարևոր խնդիրը: Արազափ գյուղի բնակիչ  Վոլոդյան գոհ է արվածից:

«Լրիվ քարուքանդ էր եղել ճանապարհը, անձրև էր գալիս ՝ցեխ ու ջուր էր: Փառքս Աստծո, հիմա արդեն սարքել են, լավ է: Առաջ ջրերը կուտակվում էին, ցեխ ու տիլ էր, չէիր կարողանում նույնիսկ խանութ գնալ-գալ: Բայց հիմա լավ է արդեն, սարքում են մայթերը, ճանապարհները: Շատ լավ գործ են անում տղերքը»:

Ճանապարհների նորոգումով կրճատվել են երթևեկության ժամանակն ու մեքենաների նորոգման հավելյալ ծախսերը:  Մարգարա-Արմավիր երթուղային հնամաշ ավտոբուսը հիմա անհամեմատ ավելի արագ է տեղ հասնում:

«1.5 ժամում էի հասնում Մարգարայից Արմավիր: Հիմա տևողությունը կրճատվել է, որ ուզեմ՝ 30 րոպում կհասնեմ»:

Մեծածախ շուկա գնացողների գործն էլ է թեթևացել:

«Առաջ մինչև Արգավանդ էինք հասնում երևի 20 րոպե տևում էր, ճամփա չկար, լրիվ քանդած էր,  իսկ հիմա 5-10 րոպե՝ 3կմ-ոց ճանապարհը»:

Ճանապարհները նորոգվում են, սակայն մտավախություն կա, որ Մարգարայի ավազահանքերի բեռնատարները դրանք ավելի շուտ շարքից կհանեն: Բացի այդ, տեղացիներին ևս մեկ խնդիր է հուզում՝ հնամաշ ավտոբուսը փոխարինել նորով:     

Leave a Comment