10 եպիսկոպոսներին ու կաթողիկոսին եկեղեցու մեկ պատ է բաժանում և մնալու կամ գնալու պահանջը

Մայր Աթոռում միաժամանակ ժամերգություն և կաթողիկոսին անվստահություն հայտնելու հավաք է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարության շենքում հանդիպած և կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը պահանջած 10 եպիսկոպոսների կոչով քաղաքացիները հավաքվել են Մայր Աթոռի բակում՝ իրենց ձևակերպմամբ Կաթողիկոսին արդար հանգստի ուղարկելու պահանջով։ Միաժամանակ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, պատագամավորներ ու քաղաքացիներ մասնակցում են երեկոյան ժամերգության, որը նախաձեռնել է Արագածոտնի թեմը։ Էջմիածնում է նաև ոստիկանապետ Արամ Ղազարյանը, մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել։ Վարչապետը լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասել է, որ չի ուղղորդում հավաքը, բայց աջակցում և ողջունում է այն, միաժամանակ վստահություն է հայտնել, որ բախումներ չեն լինի, ամեն դեպքում՝ իրենք դրան են ձգտում՝ ասել է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներսում Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունն է, դրսում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին անվտահություն հայտնած ու վարչապետին հանդիպած 10 եպիսկոպոսները։ Վերջիններս դիմել էին իրենց հոգևոր եղբայրներին ու ժողովրդին՝ իրենց ձևակերպմամբ՝ «արդար բողոքի ձայն բարձրացնելու և կաթողիկոսին հանգստի ուղարկելու», հավելելով, որ կաթողիոսի հրաժարականը, մեջբերում, «այլևս անհետաձգելի անհրաժեշտություն է»։ Ժամերգությունից ու հավաքից ժամեր առաջ Մայր Աթոռի տարածքում սկսել են կուտակվել ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Մինչև այս հավաքը՝ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստից հետո վստահություն էր հայտնել՝ բախումներ չեն լինի․

«Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմերը և հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով»։

Ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ Մայր Աթոռում մասնակցում են ժամերգությանը, իսկ զուգահեռ ընթացող եպիսկոպոսաց հավաքին վարչապետը չի մասնակցում, բայց աջակցում է․

«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ»։

Մայր աթոռում կատարվող իրադարձությունների ընթացքում հակաիրավական, սադրիչ գործողություններից զերծ մնալու կոչեր ավելի վաղ արել էին ՆԳՆ-ն և Հայ առաքելական եկեղեցին։ Առաջինի փոխանցմամբ՝ ժամերգության մասին հայտարարությունից հետո սոցցանցերում և հանրային հարթակներում հայտնվել են սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ, ուստի ոստիկանությունը հորդորել էր հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ ընդգծելով, որ «հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»: Հայ առաքելական եկեղեցին իր հերթին զգաստության կոչ էր արել՝ իր ձևակերպմամբ «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած» Սրբազան Հայրերին։ Մեջբերում․ «Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով»՝ ընդգծել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ըստ այդ ընթացակարգերի կաթողիկոսը կարող է կարգալույծ հռչակվել միայն եկեղեցական կանոնակարգի բոլոր գործիքակազմերը սպառելուց հետո՝ Մայր Աթոռի բակում լրագրողներին ասել էր Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը․

«Եկեղեցին երբևէ արագ կարգալույծ չի արել, իր բոլոր գործիքակազմերը սպառում է  և տեսնում է, որ ոչ մի հնարավորություն չկա, նոր այդ քային գնում է»։

Այս պահին կաթողիկոսը կարո՞ղ է նման որոշում կայացնել՝ ճշտող հարցին եպիսկոպոսը պատասխանում է․

«Այո, ինչո՞ւ ոչ։ Կարող է»։

Կաթողիկոսին հեռացնելու օրակարգով առաջնորդվելով՝ վարչապետն արդեն մի քանի շաբաթ մասնակցում է կիրակնօրյա պատարագներին, որոնք մատուցում են Մայր աթոռի կողմից կարգալույծ արված հոգևորականներ, աջակցություն հայտնում կաթողիկոսի կողմից կարգալույծ արված հոգևորականներին։ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ կաթողիկոս Գարեգին երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նաև ղեկավարվում է օտարերկրա ուժերի կողմից․

«Այսօրվա իրադարձությունը ինչի՞ մասին է, նրա մասին է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցույ ճգնաժամ է, այլևս որևէ մեկը, դա չի կարող ժխտել, և էդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու ճգնաժամը, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ Մայր Աթոռից։ Էսօր կհեռացվի Մայր Աթոռից, ուրեմն, ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղը կհեռանա, վաղը կլինի։ Բոլոր դեպքերում առաջին քայլը սա է»։ 

Վարչապետը վստահեցնում է, որ բացի իր ձևակերպմամբ եկեղեցու նորոգումից, ուրիշ ոչինչ չի կապում իրեն կաթողիկոսին անվստահություն հայտնած բարձրաստիճան հոգևորականների հետ։ Ինչ վերաբերում է մամուլում տարածված  տեղեկությանը, թե Փաշինյանը պատրաստվում է կաթողիկոսի տեղապահ նշանակել արքեպիսկոպոս Կճոյանին, ապա վարչապետի խոսքով՝ այդ հարցը կարող են որոշել միայն եպիսկոպոսները․

«Ինձ կարծիք կհարցնեն, ես կարտահայտեմ այդ կարծիքը, չեն հարցնի, չեմ ասի։ Նրանք, ովքեր այլ դիտանկյունից են նայում, ուղղակի սխալ են հասկանում իրավիճակը։ Իմ օրակարգը բացառապես հոգևոր և բովանդակ բովանդակային է, և անձերի հետ առնչվում է այնքանով, ինչքանով որ առնչվում է հոգևոր բովանդակության հետ։ Ես էլի եմ ասում՝ էս օրակարգում ես չեմ հետապնդում ինտրիգներ»։

Վարչապետը պատրաստ է դեմ առ դեմ հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին․

« Պատրաստ եմ ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով։ Որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»։

Ամենայն Հայոց կաթողիկոսը, որին ամիսներ ի վեր կառավարությունը դիմում է ավազանի անունով, դեռևս չի հանրայնացրել, թե գործողությունների ինչ պլան ունի, թեև տարբեր հոգևորականներ հայտնել են, որ ներեկեղեցական քննարկումներ կան։ Օրեր առաջ Մայր Աթոռը պատրաստվում էր եպիսկոպոսաց ժողով հրավիրել, ինչը սակայն չեղարկվեց, Մայր Աթոռի փոխանցմամբ՝ «եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, այդ թվում՝ կալանավորումների» պատճառով։ Բարձրաստիճան 4 հոգևորական է այս պահին կալանավայրում։ Նրանցից երկուսը՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, կալանավայրից հայտարարությամբ առաջարկել էին կարգալույծ անել կաթողիկոսին անվստահություն հայտնած 10 եպիսկոպոսներին։ Կաթողիկոսը, սակայն, չի շտապում նրանց հեռացնել Մայր Աթոռից, փոխարենը, Արագածոտնի թեմի քահանա տեր Վրթանեսի փոխանցմամբ, հանդիպում, զրուցում ու նկատողություններ է անում, բայց ապարդյուն․

«Բազմաթիվ միջոցներ կիրառել է, նաև նկատողություններ է արել, հավանաբար նաև առանձին զրույցներ է ունեցել, բայց իրենք միշտ էլ բազմաերես են եղել, և այսօր էլ տեսնում ենք իրենց այդ երեսներից մեկը, որ, տիրադավ կերպով համախմբվել են հակաեկեղեցական այս օրակարգի շուրջ, և վստահ ենք, որ Աստծու ողորմածությամբ մեր եկեղեցին այս փուլն էլ կհաղթահարի»։

Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia

Տեր Վրթանես քահանա Վաղալյանը չի հիշում, թե վերջին անգամ երբ են այսքան մեծ թվով ոստիկաններ եղել Մայր Աթոռի բակում։ Հուսով է՝ հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը բախումների չի գնա։ Ոստիկանապետ Արամ Ղազարյանը «Մայր աթոռը բոլորինս է» հիմնավորմամբ ասում է՝ ամեն ինչ կանեն, որ բախումներ չլինեն, բայց դրանց դեպքում կգործեն օրենքի ամբողջ խստությամբ։

Leave a Comment