Էստոնիայի կառավարությունը հաստատել է բոլոր զինակոչիկների համար ծառայության ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու մասին որոշումը։ Մինչ այժմ զինակոչիկները, կախված մասնագիտացումից, ծառայել են 8 կամ 11 ամիս։
«Սկսած 2027 թվականից՝ տարեկան զինվորական ծառայության կզորակոչվի մինչև 4100 երիտասարդ, ընդ որում՝ զորակոչը կիրականացվի տարին երկու անգամ», – հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոփոխություններն անհրաժեշտ են՝ կապված պատրաստության ծավալների և տեխնիկական բարդության աճի, սպառազինության ժամանակակից համակարգերի ներդրման, ինչպես նաև Պաշտպանության ուժերի մարտական կառուցվածքի համար բավարար պատրաստված պահեստազորի ապահովման անհրաժեշտության և անվտանգային իրավիճակի փոփոխության հետ, ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Ծառայության նոր կառուցվածքը բաղկացած է վեց ամսվա ինտենսիվ ուսուցումից, որին հաջորդում է վեց ամսվա գործնական ծառայությունը։
2027 թվականին ծառայության ընդլայնման հետ կապված ուղղակի ծախսերը նախատեսված են 31 միլիոն եվրոյի չափով։