Տնտեսական աճի որոշակի արագացում․ մասնագետները դրական միտումներ են նկատում

Հայաստանում տնտեսությունը դանդաղ, բայց կայուն աճ է արձանագրում։ Մասնագետները դրական են գնահատում կայունությունը։ Տարվա ընթացքում գնաճը շուրջ 3 տոկոսի մակարդակում է պահպանվել։ Հայաստանի տնտեսությունը անմասն չի մնում համաշխարհային տնտեսական իրադարձություններից։

2025–ի ավարտին ֆինանսական շուկայի վերլուծաբանները արձանագրում են՝ Հայաստանի տնտեսական աճը շարունակում է կայունանալ 6 տոկոսի շուրջ։ Սա փոքր–ինչ բարձր է շուկայի կողմից գնահատվող տնտեսության երկարաժամկետ կայուն աճի մակարդակից։ Վիճակագրության համաձայն, ընթացիկ աճին շարունակում են հիմնականում նպաստել ՏՏ, ֆինանսական ոլորտները, շինարարությունը։

ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյան․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը դիտարկելիս  որոշակի նույնիսկ արագացում ենք նկատում։ Հատկապես սեպտեմբերին և հոկտեմբերին ՏԱՑ երկնիշ է։ Այստեղ մեծ աճ կա  մշակող արդյունաբերության մեջ, հատկապես սեպտեմբերին և հոկտեմբերին։ Հոկտեմբերին այս ոլորտում արդեն մոտ 20 տոկոսի աճ կա։ Հատկանշական է, որ այս աճին մեծապես նպաստում են հիմնային մետաղների արտադրության ճյուղերը։ Սա, ըստ էության, մեր տնտեսության զարգացումների հետ բավականին քիչ է կապված»։

Ռուս–ուկրաինական հակամարտության շուրջ անորոշությունները տնտեսական դաշտում կարևոր գործոն են։ Կախված դրա կարգավորումից՝ ըստ Վազգեն Պողոսյանի, իրավիճակները կարող են փոխվել․

«Ռուսաստանի վրայից սանկցիաների հանելու կամ մասնակի հանելու պարագայում կարող է Հայաստանից կապիտալի արտահոսք տեղի ունենալ։ Սա կարող է ուղեկցվել պահանջարկի միջավայրի վատթարացման և գնանկումային որոշակի ռիսկերով»։

Տարվա ընթացքում գնաճը շուրջ 3 տոկոսի մակարդակում է պահպանվել։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանն ընդգծում է՝ համաշխարհային անորոշության մակարդակը այս պահին մեծ է, առկա են գնաճային որոշ ռիսկեր․

«Հայաստանում գնաճը թիրախավորվում է 3+/-1 %-ի շրջակայքում, սակայն սա ամբողջական պատկերը չէ։ Սպառողական գների ինդեքսը հաշվարկվում է մոտ 400 անուն ապրանքների գների հիման վրա, ու տարբեր խավերի համար գնաճի ազդեցությունը տարբեր է»։

2025–ի տնտեսական տարին ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը բեկումնային է համարում։ Կարևորում է ռազմավարական փաստաթղթերը, որոնք հաստատվել են տարվա ընթացքում․

 «Յուրաքանչյուր գործընթաց իր դրական ազդեցություն ունի կայուն մակարդակի ապահովման, բնակչության կողմից խուճապի չմատնվելու, երկարաժամկետ ռազմավարություն մշակելու և այդ շրջանակում, բնականաբար, դրամը որպես արժույթ դիտարկելու առումով»։

Վերջին տարիներին Հայաստանի բարձր տնտեսական աճը գուցե արտադրողական բարձր աճով է ուղեկցվել։ Ուստի փոքր բաց տնտեսությունում կարող են ձևավորվել կապիտալ հոսքեր ու ֆունդամենտալ արժևորման սպասում ձևավորվի՝ արձանագրում են։ Հայաստանի տնտեսությունը անմասն չի մնում համաշխարհային տնտեսական փոփոխություններից։ Ուստի միջազգային առևտրային գործընկերների տնտեսական իրադարձություններն իրենց արտացոլումն են գտնում Հայաստանում։

Եվրագոտու երկրներում երրորդ եռամսյակում տնտեսական աճը շարունակում է թույլ մնալ։ Ծառայությունների ոլորտում է աճը մի փոքր ավելացել, բայց կառուցվածքային տնտեսության ճյուղի խնդիրները շարունակում են պահպանվել։ Ներդրումները թույլ մակարդակում են, աշխատանքի շուկայում դեռևս  պայմանները խիստ են, այդուհանդերձ, գործազրկության մակարդակի որոշակի թուլացում նկատվում է։ Եվրագոտու երկրներում գործազրկության մակարդակը 6․5 տոկոսի շրջանակում է։

Համաշխարհային պարենի շուկայում գների թուլացում է նկատվում։ Նվազումը 2 տոկոս է։ Ըստ մասնագետների՝ սա  Հայաստանի պարենի շուկայի վրա դրական ազդեցություն կարող է թողնել։  

Leave a Comment