ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը արձագանքել է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասվող իրադարձություններին՝ շեշտելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի պատրաստվում գնալ Մայր Աթոռ, այլ իր փոխարեն ուղարկում է տասը եպիսկոպոսների։
«Նիկոլ Փաշինյանը չի գնում Մայր Աթոռ, այլ ուղարկում է 10 եպիսկոպոսների, որ գնան ականների վրա պայթեն»,– գրել է Սամսոնյանը՝ հարց ուղղելով ընդդիմադիր գործիչներին․ «Գնում եք Մայր Աթոռ, որ ի՞նչ անեք։ Դուք Փաշինյանին պետք է հակազդեք, որը չի գալու, ոչ թե 10 եպիսկոպոսներին»։
Նրա խոսքով՝ Մայր Աթոռը կարող է պատվով դիմավորել եպիսկոպոսներին, սակայն քաղաքական բախումների և քաղաքացիական հակամարտության դաշտ ստեղծել պետք չէ։ «Նիկոլ Փաշինյանի ուզածն էլ դա է»,– ընդգծել է Սամսոնյանը։
Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա միասնական ժամերգություն։
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը։ Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»,– նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած տասը եպիսկոպոսներ նույնպես հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նույն օրը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հրավիրում են հավատավոր ժողովրդին հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու» պահանջով։