Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիկոպոսները, որոնք հանրության շրջանում ստացել են «տիրադավ» բնորոշումը, երեկ հայտարարություն էին տարածել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքի միջոցով, որ այսօր ժամը 17։00-ին գնալու են Մայր Աթոռն «ազատագրելու»։
Երեկվանից մենք տեղեկություններ ենք ստանում, որ Էջմիածնին մոտ գրեթե բոլոր համայնքների դպրոցներին, մանկապարտեզներին իշխանությունների կողմից հրահանգված է կոնկրետ մարդկանց թիվ ապահովել Մայր Աթոռում։
Քիչ առաջ Օհանավանի թիվ 13 «Մակու» մանկապարտեզի տնօրեն Շուշան Միրզախանյանից հետաքրքրվեցինք՝ հրահանգ ստացե՞լ են, որպեսզի գնան Մայր Աթոռ, ինչին ի պատասխան՝ նա ասաց.
«Այդ տեղեկատվությունը 100 տոկոսով սխալ է, մենք որևէ հարցով չենք հրահանգված, առհասարակ մեզ չեն հրահանգում։ Ընդամենը մեր աշխատանքն են վերահսկում։
Մենք՝ ես և իմ աշխատակիցները, Մայր Աթոռ չենք գնալու, մենք աշխատանքի ենք մինչև ժամը 18։00-ն։ Ո՛չ ինձ են հրահանգում, ո՛չ էլ ես եմ հրահանգում։ Կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչ կազմակերպություն է մերը, որը ոչ մի հարցում չկա»,- ասաց Շուշան Միրզախանյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որով իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։
«Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին: Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը»,- նշված է հայտարարության մեջ։