Ինչպե՞ս եք պատկերացնում սոսկ մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ և ուժային կառույցների աջակցությամբ Վեհափառ Տիրոջը հրաժարականի պահանջ պարտադրելու առնվազն իրավաչափությունը. Գևորգ Դանիելյան

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Անկախ իրական շարժառիթներից, որոնցով ուղղորդվում են առանձին փոքրաթիվ հոգևորականներ՝ միանալով Վեհափառ Տիրոջը հրաժարական պարտադրելուն, անպատասխան են մնում հետևյալ էական հարցադրումները՝

– Դուք գիտեք, որ Վեհափառ Տերը ի պաշտոնե ներկայացնում է ողջ հայությանը, ըստ այդմ էլ նրա ընտրությանը համամասնորեն մասնակցում է սփյուռքը: Գիտեք նաև, որ ոչ միայն Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսը, Պոլսո Պատրիարքությունը և Երուսաղեմի Պատրիարքությունը, այլև ներքին ու արտաքին թեմերը արդեն իսկ միանշանակ իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն են հայտնել Վեհափառ Տիրոջը և Մայր Աթոռին՝ կոչ անելով իշխանությանը զերծ մնալ հակաեկեղեցական կեցվածքից: Այս և ձեզ քաջ հայտնի այլ կանոնական հիմքերի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում սոսկ մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ և ուժային կառույցների աջակցությամբ Վեհափառ Տիրոջը հրաժարականի պահանջ պարտադրելու առնվազն իրավաչափությունը:

– Գիտեք նաև, որ խնդիրը բնավ Վեհափառ Տիրոջ անձը չէ, ըստ այդմ էլ նրա՝ խիստ պայմանական հնարավոր հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամը: Մի՞թե տեղյակ չեք, որ անգամ նոր Կաթողիկոսի ընտրություն չի ակնկալվում, խոսքը բացառապես դարերի պատմություն ունեցող կանոնադրական փաստաթղթերի վերանայման մասին է, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է անորոշ տևական ժամանակով Հայ Եկեղեցին անգլուխ թողնելուն՝ դրանից բխող խիստ անցանկալի ապազգային հետևանքներով հանդերձ: Մնացյալն ինքնախաբեություն է:

Հուսանք, որ Մայր Աթոռի ջանքերը, ինչպես նաև ձեր ողջախոհությունը կբացառեն արհեստական օրակարգով սերմանված նաև այս հավելյալ պառակտումների հենքով վտանգավոր բախումները:

Աստված պահապան մեր Երկրին, մեր բազմաչարչար ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment