Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Ինձ այսօր հարցաքննել են վկայի կարգավիճակով․ զինվորական քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա հավելեց, որ այս պահին վտանգ չի տեսնում իր կարգավիճակի փոփոխության մասով։ Թե ի՞նչ հարցեր են իրեն տվել՝ չմանրամասնեց՝ նախաքննության գաղտնիքից ելնելով։

Ռոման Երիցյան

«Ես պատահականություն չեմ համարում հենց այս օրով Արցախի հանրապետության նախագահին հարցաքննության հրավիրելը, ես պատահական չեմ համարում դեկտեմբերի 11-ին ԱՀ ներկայացուցչությունում տեղի ունեցած քաղաքական գործընթացը՝ ռեպրեսիան, որը որ իրականացվել է ԱՀ ներկայացուցիչների նկատմամբ։ Ես պատահականություն չեմ համարում նաեւ անմիջապես դատական նիստից հետո՝ Կաթողիկոսի խոսքը կիսելու վերաբերյալ ճեպազրույցում ԱՀ նախագահի արած հայտարարությունից հետո, նրան մեկ այլ քրեական վարույթով հարցաքննության կանչելը»,- լրագրողների հետ զրույցում, մինչ հարցաքննությունն ասել էր Սամվել Շահրամանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռոման Երիցյանը։

Գործը, որի շրջանակներում այժմ հարցաքննվում է Սամվել Շահրամանյանը, վերաբերում է Արցախի անկմանը, ԱՀ տեղեկատվական շտաբի հայտարարությունների՝ ՀՀ շահերին ենթադրյալ վնաս պատճառելուն։ Հիշեցնենք, վարույթը հարուցվել է Սամվել Բաբայանի դիմումի հիման վրա։ Դեռ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին ԱՀ նախագահն այս վարույթով 12 անգամ հարցաքննվել է եւ իրեն հայտնի տեղեկությունները տրամադրել է։

Թեեւ այս վարույթով Սամվել Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի, բայց փաստաբանը չի բացառում շրջադարձերը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment