ՀՀ-ն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ Գլխավոր քարտուղարն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանն ուղղված քայլերին․ Անանյան

Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ Գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանն ուղղված քայլերին, որոնց հիմքում ընկած են միջազգային իրավունքի և ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները, մասնավորաբար՝ պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել Սլովենիայի նախագահությամբ «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով 2025թ. դեկտեմբերի 15-ին կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։

ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալը նշել է, որ անցյալի չկարգավորված մարտահրավերները, ներկայիս սպառնալիքները և ապագա անորոշությունները հիշեցնում են բազմակողմ դիվանագիտության ներուժի լիակատար իրագործման պահանջվածության մասին, որի առանցքում պետք է լինի ՄԱԿ-ը։

«Վտանգավոր բևեռացվածության և աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում առավել քան երբևէ ընդգծվում է ՄԱԿ-ի դերակատարությունը՝ հակամարտությունների կանխարգելմանը, գլոբալ խաղաղության և անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը, կայուն զարգացման և մարդու իրավունքների և արժանապատվության ապահովմանը միտված ջանքերն առաջնորդելու հարցում»,-նշել է Ժիրայր Անանյանը։

Վերջինս, ներկայացնելով տարածաշրջանային զարգացումները, շեշտել է․ «Հայաստանյան կողմն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ Գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանն ուղղված քայլերին, որոնց հիմքում ընկած են միջազգային իրավունքի և ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները, մասնավորաբար՝ պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները»։

 

Leave a Comment