Այսօր շատ են կարդում, բայց ի՞նչ

Երեկ նշվում էր ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակը, եւ այդ միջոցառմանը հրավիրված էի նաեւ ես: Հրավիրված էի որպես գրեթե 50 տարվա ընթերցող: Ես օգտվում եմ այդ գրադարանի գրքերից 1977 թվականից, երբ դեռ սովորում էի 10-րդ դասարանում: Երեկվա միջոցառումն ինձ հիշեցրեց մեր (ոչ միայն Հայաստանի) ամենակարեւոր խնդրի՝ կարդալու անհրաժեշտության մասին:

Այսօրվա 17 տարեկաններն ավելի շատ են կարդում, քան ես իրենց տարիքում: Եթե վերցնենք զուտ տառերի եւ բառերի քանակը, ապա դրանց ծավալն էապես ավելի մեծ է, քան 50 տարի առաջ. դա գիտականորեն ապացուցված փաստ է: Հարցն այն է, թե ինչ եւ ինչպես են այժմ կարդում: Դժվար չէ համոզվել, որ նրանց կարդացածը տառեր եւ բառեր են իրենց հեռախոսներում, որոնք, որպես կանոն, վերաբերում են մակերեսային զվարճալիքներին՝ դրանք զբաղեցնում են պատանիների ամբողջ ազատ եւ, այսպես ասած, «ոչ ազատ»՝ դպրոցում անցկացվող ժամանակը:

Հաջորդ սերունդներն ավելի «քաղաքականացված» են: Այդ բառը վերցնում եմ չակերտների մեջ, որովհետեւ որեւէ հայտնի մարդու մասին ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ բանսարկություն, ընկալվում է որպես «քաղաքականություն»: Մարդիկ կարդում են այդ «քաղաքական լուրերը», հիմնականում՝ վերնագրերը: Տասնյակներով, հարյուրներով վերնագրեր, եւ մի «լուրի» վերնագրից շտապում են անցնել մյուսին: Հավանաբար, կարծում են՝ որքան շատ վերնագիր կարդան, այնքան «տեղեկացված» կլինեն:

Այդ հիվանդությունից անմիջականորեն բխում է հաջորդը: Քանի որ նման ձեւով «տեղեկացված» մարդիկ համարում են, որ արդեն տիրապետում են աշխարհի իմաստությանը, նրանք շտապում են ամեն ինչի մասին իրենց «հեղինակավոր կարծիքը» հայտնել եւ տեսնել, թե ինչպիսի արձագանք է դա գտնելու իրենց նման «գրագետների» մոտ:

Ահա այդպես է ձեւավորվել այսօրվա հայաստանյան հասարակությունը, որտեղ ճղճղան հիստերիկությունը շատ ավելի հարգի է, քան զուսպ եւ գրագետ խոսքը: Ներկայիս իշխանությունն օգտագործում է այդ վիճակն՝ իր նպատակներին հասնելու համար: Բայց նրանք, ովքեր գրքեր են կարդացել ու կարդում են, պետք է հակադրվեն դրան՝ թե՛ խոսքով, թե՛ գործով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment