Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ

Քաղաքականություն

17.12.2025 | 22:43

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը «խստորեն դատապարտում է» չորրորդ դասարանի աշակերտ Կոբիլժոն Ալիևի սպանությունը Մոսկվայի մերձակայքում գտնվող Գորկի-2 գյուղի դպրոցում։ Այս մասին ասվում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, գրում է Meduza-ն։

Նախարարությունը կարծում է, որ երեխայի վրա հարձակումը կատարվել է «էթնիկ ատելության հողի վրա»։

Տաջիկստանում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևը կանչվել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է նոտա, որում «պահանջվում է, որ ռուսական կողմը անհապաղ, օբյեկտիվ և անաչառ հետաքննություն անցկացնի այս ողբերգական միջադեպի վերաբերյալ և բոլոր ներգրավվածներին պատասխանատվության ենթարկի օրենքի ողջ խստությամբ»։

«Ռուսաստանի Դաշնությունում Տաջիկստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է մշտական ​​կապ պահպանել մահացածի ընտանիքի անդամների և ընկերների հետ և վերահսկողության տակ պահել այս հարցը», – հայտարարել է ԱԳՆ-ն։

Դեկտեմբերի 16-ի առավոտյան 15-ամյա Տիմոֆեյ Կ.-ն դանակով եկել էր դպրոց և հարձակվել անվտանգության աշխատակցի և աշակերտների վրա: Վիրավորներից  մեկը՝ չորրորդ դասարանի աշակերտը, մահացել է ստացած վերքից: Հարձակվողը ձերբակալվել է։

Telegram-ի ալիքները հայտնել էին, որ դեռահասը սաղավարտ է կրել՝ Դիլան Ռուֆի՝ 2015 թվականին Չարլստոնի եկեղեցում ինը սևամորթ մարդու սպանած ամերիկացի նեոնացիստի մեջբերումով: Դեռահասը նկարահանել է հարձակումը: Կադրերում երևում է, թե ինչպես է նա մոտենում աշակերտների խմբին և նրանց ուսուցչին և հարցնում նրանց իրենց ազգային պատկանելության մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment