Անդրադառնալով 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նկատվող խմորումներին՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ասաց. «Նախընտրական շրջանում դիրքավորման հարց կա։ Գիտեք, որ ՔՊ-ի ներսում կան ազդեցության տարբեր գոտիներ։ Ամեն մեկն իր շրջանակն ունի եւ փորձում է դրանով նաեւ ազդեցություն գործել այլոց հետագա առաջխաղացման, ցուցակում հայտնվելու կամ մրցակցի հաջողությունը նվազեցնելու ուղղությամբ։ Գիտեք նաեւ, որ տարբեր քպականներ տարբեր աֆիլացիաներ ունեն գործարար աշխարհի, փոխկապակցվածություն՝ գործարար աշխարհի տարբեր շրջանակների հետ եւ այլն։
Իրենց հակասությունները գաղափարական հակասություն չեն։ Գաղափարապես Նիկոլ Փաշինյանի մոլի պաշտպաններ թյուրըմբռնումը չպետք է լինի մեզանում։ Նրանցից շատերը ավելի նիկոլ դառնալու հակումներ ունեն։ Խնդիրը ազդեցության ոլորտների, որոշների դեպքում՝ կերակրատաշտին ավելի մոտ լինելու մեջ է։ Մնացած հարցերի վերաբերյալ էլ կարող են հակասություններ լինել։
Կարծում եմ, սրա վրա շատ կենտրոնանալ պետք չէ։ Թող իրենք իրենց հարցերը իրենց մեջ պարզեն։ Բայց կարող ենք մի հետեւություն անել, որ ապառիկով փոշեկուլ, հեռուստացույց առնող, հանրային տրանսպորտով երթեւեկող, շատերի դեպքում՝ զրո անշարժ կամ շարժական գույք ունեցող մարդիկ այս տարիների ընթացքում հսկայական միջոցներ են դիզել»։
Պատգամավորը խոսեց նաեւ գրեթե հինգ տարի Ադրբեջանի բանտում տառապող Վիգեն Էուլջեքջյանի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւային ուղարկած ճարահատյալ ու նվաստացուցիչ նամակի դրդապատճառների մասին։ «Ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որ մեր պատգամավորների կողմից տարբեր միջազգային հարթակներում դրսեւորվում են, իսկ դրանք ուղղված են Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության պահման պայմաններին, որպեսզի այդ միջազգային կառույցները խումբ ստեղծեն, գնան, տեղում իրավիճակը գնահատեն, մեր գործող իշխանությունները Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված խանգարել են, մնացած պատվիրակություններին կոչ են արել, որ այդ նախաձեռնություններին կողմ չքվեարկեն։
Մեր գործընկեր Լիլիթ Գալստյանը որոշում էր ներկայացրել եւ պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ադրբեջանի հետ պայքարում էին, որ չստեղծվեր այդ մոնիթորինգի խումբը, որը պետք է գնար, Բաքվի բանտում տեսներ պահման պայմանները, մեր հայրենակիցների վիճակը։ Դրա փոխարեն «քաղհասարակություն» կոչված Նիկոլի պրոքսի ուժերը վերջերս գնացել էին Բաքու եւ ասում են, թե ինչքան են մեզ նման ադրբեջանցիները, մենք ինչքան նմանություններ ունենք։ Կերել, խմել, քեֆ են արել, բայց մեկ հայ ռազմագերու անգամ չէին էլ տեսակցել։ Սա խոսում է մի բանի մասին, որ այս իշխանությունները որեւէ շահագրգռվածություն, ցանկություն, կամք չունեն եւ մատը-մատին չեն տալիս, որպեսզի Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վիճակը փոքրիշատե բարելավեն։
Պարզ մի եզրակացություն պիտի անենք. այս իշխանությունները ուզում են, որ այնտեղ գտնվող մեր հայրենակիցները հնարավորինս երկար մնան այդ պայմաններում, շահագրգռված չեն, որ Բաքվում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ պատանդառնված անձինք հայտնվեն ազատության մեջ։ Նույնը կապված է նաեւ անհետ կորածների խնդրի հետ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: