ԵՄ-ն պետք է որոշի Ուկրաինայի ֆինանսավորման հարցը — Հայաստանի Հանրային Ռադիո

Սառեցված 193 միլիարդ եվրոն կարելի է տալ Կիևին

Եվրոպական միությունը պետք է վաղը գումարվելիք երկօրյա գագաթնաժողովում որոշում կայացնի Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ: Ստրասբուրգում դիմելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ գագաթնաժողովը չի կարելի հետաձգել:

Նրա խոսքով, միությունն անցած շաբաթ սառեցրել է ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ Եվրոպայում առգրավված ռուսական դրամական միջոցներն ու արժեթղթերը, և դրանք կարող են փոխանցվել Ուկրաինային որպես հատուցում պատերազմի ընթացքում պատճառված վնասի համար:

Եվրոպայում Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավանդների ընդհանուր գումարը 210-ը միլիարդ եվրո է, ինչը հավասար է մոտ 247 միլիարդ ամերիկյան դոլարի:

Որոշ երկրներ չեն ողջունում այդ հեռանկարը

Ավանդների մեծ մասը՝ 193 միլիարդ եվրո, սեպտեմբերի վերջի դրությամբ պահվել է Բելգիայում տեղակայված Euroclear ֆինանսական հաստատությունում:

Բելգիան որևէ կերպ չի օգտագործում ավանդը, քանի որ առնվազն  տեսականորեն կարող են տեղի ունենալ աշխարհաքաղաքական տարատեսակ տեղաշարժեր և ի հայտ գան իրավական խնդիրներ, ի վերջո, խոսքն ուրիշ պետությանը պատկանող հսկայական գումարի մասին է:

Եվրոպական միության որոշ այլ երկրներ ռուսական ավանդների հարցում նույնպես չեզոք և զգուշավոր դիրքորոշում են դրսևորում:

«Պատերազմների և գիշատիչների աշխարհ»

Մինչդեռ, Ուկրաինային փող է պետք: Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդում է, որ եկել է հստակ վճիռներ կայացնելու ժամը: Նրա խոսքով, այս շաբաթ Եվրոպական խորհուրդը պետք է առերեսվի իրականությանը: Հիմա պատերազմների և գիշատիչների աշխարհ է: Դա նշանակում է, որ եվրոպացիները պետք է պաշտպանեն իրենց և հույսը դնեն իրենց վրա:  

«Մենք որոշ ժամանակ ապրել ենք այս աշխարհում, նույնիսկ մինչև 2022-ի փետրվարյան սթափեցնող ահազանգը, երբ Ռուսաստանն ապօրինի ներխուժեց Ուկրաինա: Երբեմնի խաղաղությունը վերացել է։ Կարոտախտի ժամանակ այլևս չկա: Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք դիմակայում այս իրավիճակին, մենք չենք կարող ուրիշին թույլ տալ՝ որոշել, թե որը պետք է լինի մեր աշխարհայացքը»,- ասել է ԵՀ նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ կա գործելու երկու տարբերակ՝ մեկը ավանդն է, մյուսը՝ փոխառությունը:

Ռուսաստանը պետք է փոխհատուցի վնասները

Հարկ է ընտրություն անել, մեկ բան է հստակ՝ միությունը պարտավոր է սատարել Ուկրաինային: Եվրոպական հանձնաժողովի նախագահի համոզմամբ, ռուսական ավանդները սառեցնելու որոշումը շատ լուրջ քաղաքական ուղերձ է:

«Դա նշանակում է, որ ռուսական ակտիվները կմնան սառեցված, քանի դեռ այլ որոշում չի ընդունվել, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել  պատերազմը և պատշաճ կերպով փոխհատուցում չի վճարել Ուկրաինային պատճառված վնասի համար։ Սա նաև իրական խաղաղություն ապահովելու Ուկրաինայի կարողության համար է, արդար, հարատև խաղաղություն Ուկրաինան ու Եվրոպան պաշտպանող խաղաղություն»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Բրիտանիան խաղաղապահներ կուղարկի՝ երբ խաղաղություն հաստատվի

Մինչդեռ, բրիտանացիները պատրաստ են զինծառայողներ տրամադրել ապագայում Ուկրաինայում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի համար:

Այդ մասին ասել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին: Նրա խոսքով, հիմա ռուս-ուկրաինական պատերազմում ճակատագրական հանգրվան է, ամերիկացիների նախաձեռնած բանակցային գործընթացն առաջ է գնում:

««Կամավորների կոալիցիայի» միջոցով մենք բարձրացնում ենք մեր պատրաստվածության մակարդակը, իմ անձնական հսկողության ներքո շարունակվում է Բրիտանիայի բանակի ֆինասնավորումը, որի նպատակն է պատրաստել մեր ուժերը խաղաղապահ առաքելությանը՝ այն ժամանակ, երբ խաղաղություն կհաստատվի և մենք կկարողանան ցամաքային և օդային ուժեր ուղարկել»,- ասել է Հիլին:

Բրիտանիան այսպես կոչված «Կամավորների դաշինքի» անդամ է: Դրանում Ուկրաինային սատարող տասնյակ երկրներ են: Առցանց ձևաչափով կազմակերպված վերջին քննարկմանը մասնակցել են նաև Գերմանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ բորիս Պիստորիուսը և Դենիս Շմիհալը:

Leave a Comment