«Ի սկզբանե եղել է 5 անձից բաղկացած ցուցակ, Արայիկ Հարությունյանի տվյալները չկային նախնական ցուցակում»․ ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։

Նա նշեց, որ վերջին շրջանում ադրբեջանական աղբյուրները տեղեկություն են տարածում, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գտնվելու վայրի մասին տեղեկությունները Արցախի հատուկ ծառայություններին տրամադրել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Երիցյանը դա հերյուրանք որակեց՝ նշելով, որ այդ տեղեկատվական արշավը մեկ նպատակ ունի՝ փակել Արցախ վերադարձի հարցը։

«Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետը, միջազգային հարթակներում անհեթեթորեն նույնացնելով արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը, առաջարկում է այդ թեման վերջնական փակել։

Սակայն դրան կտրուկ դեմ է արտահայտվել Արցախի նախագահը, 2025 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրության օրվա առթիվ Արցախի խորհրդարանի կազմակերպած լսումների ժամանակ հայտարարություններ են եղել, որին անմիջապես հաջորդել է Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած այլանդակ գործողությունը՝ խուզարկությունը։ Դրան հաջորդել է Արցախի նախագահին քրեական վարույթով հարցաքննության կանչելը։ Սրանք պատահական գործողություններ չեն, վստահեցնում են, որ սրանք չեն կարող պատահականորեն ուղղակի զուգադիպել այս օրերի հետ, նպատակն Արցախ վերադարձի հարցն օրակարգից հանելն է։ Փորձում են առաջ քաշել այն գաղափարը, որ արցախցիների վերադարձի հարցն անօրինական է եւ մեկընդմիշտ պետք է փակված համարվի։ Այսինքն՝ փորձում են Արցախի վերադարձի հարցը հանել մարդկանց մտքից։ Եվ այն մարդիկ, ովքեր դեմ են դրան, ովքեր Արցախի էջը փակված չեն համարում, նրանց նկատմամբ իրականացվում է լրջագույն արշավ։ Եթե Արցախի նախագահն իրականում լիներ Ադրբեջանի հատուկ ծառայողների տեղեկատվական աղբյուրը, ապա ադրբեջանցիների շահերից չէր բխում այդ մասին բարձրաձայնելը»,- նշեց Երիցյանը։

Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարմանը՝ Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ ի սկզբանե եղել է 5 հոգուց բաղկացած ցուցակ, որը փոխանցվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։ Ըստ այդ ցուցակի՝ պետք է ձերբակալվեին եւ Ադրբեջան տեղափոխվեին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Եթե Դավիթ Իշխանյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի թեման պարզ է, ապա հարց է առաջանում, թե ինչու են այդ ցուցակում ներառված եղել Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։ Եվ եթե նրանք, որպես հասարակական գործիչներ կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք էին, ապա ինչո՞ւ այդ թվում չէին նաեւ Արցախի այլ հերոսները, Արցախի ազատագրական պայքարին մասնակցած այլ անձինք։ Տրամաբանական չէ Ռուբեն Վարդանյանի եւ Դավիթ Բաբայանի տվյալները կոնկրետ այդ 5 հոգանոց ցուցակում ներառելը։ Եվ երբ Արցախի Հանրապետության նախագահն այս հարցը բարձրացրել է, տեղեկացվել է, որ այդ երկու հոգու մասով կա առանձին ձերբակալելու եւ կալանավորելու վերաբերյալ որոշում։ Այս մասին Արցախի նախագահը տեղեկացրել է այդ 5 անձանց, ընդ որում, Ռուբեն Վարդանյանին տեղեկացրել է հեռավար եղանակով, քանի որ Ռուբեն Վարդանյանի հետ Արցախի նախագահը վերջին անգամ շփում էր ունեցել դեռեւս սեպտեմբերի 5-ին։ Ռուբեն Վարդանյանը, տեղեկացված լինելով այս մասին, բացահայտ փորձել է հատել Հակարիի կամուրջը, եւ նրան ուղեկցում էր ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Ընդ որում, այդ մեքենայի մեջ էր գտնվում նաեւ Դավիթ Մանուկյանի կինը։ Ադրբեջանական հատուկ ծառայողներին հատուկ տեղեկություն պետք չէր այդ մասին, նրանք տեսնում էին՝ ովքեր էին փորձում հատել Հակարիի կամուրջը։ Եվ այսպես ձերբակալվել ու գերեվարվել են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը եւ իր կինը։ Դավիթ Մանուկյանի կնոջը բանակցությունների արդյունքում երկու օր հետո հնարավոր է եղել բաց թողնել, բայց Դավիթ Մանուկյանն ու Ռուբեն Վարդանյանը ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին Բաքու»,- մանրամասներ է ներկայացրեց փաստաբանը։

Երիցյանի խոսքով՝ Դավիթ Բաբայանն ու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւս չեն փորձել այլընտրանքային ճանապարհներով դուրս գալ Արցախից եւ նրանք եւս ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու։ «Կարծում եմ՝ նրանց կողմից այսպիսի գործողություններ ձեռնարկելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանը նախապես տեղեկացրել է՝ եթե այդ անձինք փորձեն ինչ-որ այլընտրանքային ճանապարհներով դիմել փախուստի, ապա իրենք կխոչընդոտեն արցախցիների՝ ՀՀ տեղափոխվելու գործընթացին։ Մարդիկ տեղեկություն են տարածում, թե Դավիթ Բաբայանը կամովին հասել է Շուշի, դա այդպես չէ։ Դավիթ Բաբայանը ձերբակալվել է, այսինքն՝ կամովին հանձնվել է Ադրբեջանի հատուկ ծառայողներին եւ դա տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում գտնվող «Լավանդա» կառավարական համալիրում»,- ասաց Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածը Արցախում այլ ձերբակալություններ տեղի չեն ունեցել։ Այդ ժամանակահատվածում ադրբեջանցիները փնտրում էին 5 հոգանոց ցուցակում մնացած 3 անձին՝ Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին եւ Արկադի Ղուկասյանին։ «Եվ կար հստակ որոշում, որ մինչեւ այդ երեք անձինք չհանձնվեն, Արցախում մնացած 120 հազար անձինք, այդ թվում՝ փրկարար ծառայողներ, դուրս չեն գալու ՀՀ-ից։ Այդ ժամանակ արդեն ռուսական զորքի ուղղությամբ 120 հոգանոց խմբով անձինք պետք է տեղափոխվեին ՀՀ, նրանց թվում էին նաեւ Կարեն Շահրամանյանն ու Կարեն Սարգսյանը։ Երբ 120 հոգանոց շարասյունն արդեն սկսել է տեղափոխվել ՀՀ, դեռեւս Ստեփանակերտում Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանն ու Կարեն Շահրամանյանը ձերբակալվել են եւ տեղափոխվել Կարեն Սարգսյանի բնակության վայր, որն արդեն ծառայում էր որպես ադրբեջանական շտաբ։ Մնացած անձինք, երբ արդեն հասնում են Հակարիի կամուրջ, Հակարիի կամրջի վրա ձերբակալվում են նաեւ Արցախի նախկին պետնախարար Արթուր Հարությունյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արարատ Մելքումյանը, Բակո Սահակյանի անվտանգության պետ Նաիրիկ Պողոսյանը եւ Կամո Վարդանյանի վարորդը։ Նրանց ձերբակալելու պատճառը, ըստ ադրբեջանական հատուկ ծառայողների, հետեւյալն էր՝ նրանք գիտեին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, մասնավորապես, Դավիթ Իշխանյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի գտնվելու վայրը։ Եվ նրանք պետք է ասեին այդ տվյալները, հակառակ դեպքում նրանք եւս տեղափոխվելու էին Բաքու»,- ասաց Երիցյանը։ Մի քանի ժամ հետո արդեն կայացվել է նրանց ձերբակալելու եւ Բաքու տեղափոխելու որոշում։ Եվ Արցախի նախագահը խնդրել է, որպեսզի բանակցեն այդ հարցի շուրջ։ Բանակցությունների արդյունքում հաջողվել է Բակո Սահակյանի անվտանգության պետին եւ Կամո Վարդանյանի վարորդին ազատ արձակել։ Իսկ Արթուր Հարությունյանին եւ Արարատ Մելքումյանին ոչ թե տեղափոխել Բաքու, այլ վերադարձնել Ստեփանակերտ եւ նրանց եւս պահել Կարեն Սարգսյանի բնակության վայրում։

Երիցյանի տեղեկացմամբ՝ այդ ընթացքում Արցախի նախագահը կրկին հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, ինչպես նաեւ Դավիթ Իշխանյանին եւ տեղեկացրել, որ ադրբեջանական հատուկ ծառայողները պահանջ են դրել, որ եթե նրանք չհանձնվեն, ապա ձերբակալված անձինք կտեղափոխվեն Բաքու։

«Բոլոր երեք անձինք՝ Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը եւ Բակո Սահակյանը միանգամից ասել են, որ թույլ չեն տա, որ իրենց պատճառով որեւէ արցախցի կրի պատասխանատվություն եւ ձերբակալվի ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից։ Այդ ժամանակ որոշում է կայացվում, որ նրանք անձամբ կհանդիպեն ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, սակայն նախապես տեղեկացնում են, որ ունեն որոշակի պահանջներ։ Այդ երեք անձանց հետ էր նաեւ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը։ Ընդ որում, Կամո Վարդանյանը բանակցություններին չի ներկայանում։ Բանակցությունները բավականին երկար են տեւում, այդ բանակցությունների փաստով պայմանավորված այն 4 անձինք՝ Կարեն Շահրամանյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Հարությունյանը եւ Արարատ Մելքումյանն ազատ են արձակվում։ Եվ նախագահներն ու Դավիթ Իշխանյանը փորձում են բանակցությունները ձգել այնքան ժամանակ, մինչեւ նրանք կհատեին Հակարիի կամուրջը։ Երբ նրանք հատել են Հակարիի կամուրջը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը տեղեկացել է այդ մասին եւ այդ ինֆորմացիան փոխանցել Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ Դավիթ Իշխանյանին։ Եվ նրանք արդեն որոշում են կայացրել հանձնվել Ադրբեջանի հատուկ ծառայողներին։ Այստեղ մնացել էր մեկ անձի հարց՝ Կամո Վարդանյանի հարցը, եւ Բակո Սահակյանն առաջ է քաշել այն պահանջը, որ հանձնվելու է միայն այն դեպքում, եթե Կամո Վարդանյանին եւս ազատ արձակեն։ Այսինքն՝ ազատության մեջ մնացին Կամո Վարդանյանը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը եւ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու, կալանավորելու կամ Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ նախապես որեւէ որոշում չի եղել։

Արդեն երեկոյան ժամին Արայիկ Հարությունյանն ինքն է հանդես գալիս նախաձեռնությամբ եւ Ադրբեջանի հատուկ ծառայողներին ասել է՝ ըստ մեր պայմանավորվածության՝ ես ձեզ պետք է ցույց տամ ինձ պատկանող կոնյակի գործարանը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չի ցանկանում Արայիկ Հարությունյանին մենակ թողնել եւ իր վարորդին խնդրում է ուղեկցել Արայիկ Հարությունյանին, ով ադրբեջանցի հատուկ ծառայությունների հետ գնում էր Ստեփանակերտ քաղաքի Երեւան հյուրանոցի մոտակայքում գտնվող կոնյակի գործարան, որպեսզի ադրբեջանցի հատուկ ծառայություններին ցույց տար դրա գտնվելու վայրը։ Այնուամենայնիվ Արայիկ Հարությունյանը եւ Սամվել Շահրամանյանի վարորդը տեղում ձերբակալվում են։

Այդ ինֆորմացիան Սամվել Շահրամանյանին հասանելի դառնալուց հետո նա զարմանք է ապրում, ի վերջո, Արայիկ Հարությունյանի տվյալները չկար նախնական ցուցակում եւ նրան ձերբակալելու մասին առհասարակ որեւէ խոսակցություն չէր գնում։ Սակայն ադրբեջանական հատուկ ծառայողները պարզաբանել են, որ այդպես էր պետք։ Որոշակի բանակցությունների արդյունքում հաջողվել է ազատ արձակել Սամվել Շահրամանյանի վարորդին»,- նշեց Ռոման Երիցյանը։

Դրանից հետո, Երիցյանի խոսքով, ադրբեջանական հատուկ ծառայություններն ասել են՝ «եթե ցանկանում եք Կամո Վարդանյանին ձեզ հետ տեղափոխել, ապա մինչեւ լուսադեմ պետք է ՌԴ կողմից կազմակերպված ուղղաթիռով անհապաղ լքեք Արցախի տարածքը»։

«Եվ այդպես էլ Կամո Վարդանյանը, Արմեն Սարգսյանը եւ Սամվել Շահրամանյանն ուղղաթիռով տեղափոխվում են ՀՀ։ Այսինքն՝ նրանց ուղղաթիռով տեղափոխվելն ամենեւին էր նրանց նախաձեռնությունը չէր։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ ու հասկանալի դարձավ, որ Սամվել Շահրամանյանը երբեւէ որեւէ մեկի գտնվելու վայրի մասին որեւէ տվյալ չի հայտնել։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործողությունների, նաեւ ինքնազոհության շնորհիվ է հաջողվել արցախցիների անվտանգ տեղափոխումը ՀՀ։ Եվ թող ոչ ոք չասի, որ արցախցիները մինչեւ հոկտեմբերի 2-ը Հայաստան էին տեղափոխվել։ Մինչեւ հոկտեմբերի 2-ն արցախցիները Հայաստան էին տեղափոխվել, որովհետեւ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել էին,  իսկ Դավիթ Բաբայանը կամովին հանձնվել էր։ Մնացած 3 անձանց ձերբակալելու ու գերեվարելու փաստից էր կախված մնացած 120 հազար արցախցիների ՀՀ տեղափոխվելու հարցը»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment