Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ կողմերը մանրամասն քննարկել են միջազգային ընթացիկ հարցերը և արձանագրել, որ երկու երկրների դիրքորոշումներն առանցքային հարցերում խիստ մոտ են։ Փորձագետները համոզված են, որ համախոխությունը վերաբերում է նաև տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ TRIPP-ի նախագծին։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Արաղչիի և Լավրովի հանդիպման ընթացքում շեշտվել է քաղաքական համախոհությունը գլոբալ հարցերում։ Նշվում է, որ Թեհրանն ու Մոսկվան ունեն գրեթե նույն դիրքորոշումները միջազգային հարցերի շուրջ: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանի և Մոսկվայի միջև խորհրդակցությունները շարունակվում են, երկկողմ համագործակցությունը օրեցօր խորանում է։
Իրանի արտգորժնախարարը շեշտել է, որ Ռուսաստանի հետ ունեն ընդհանուր մոտեցումներ շատ հարցերի շուրջ՝ հավելելով, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության պայմաններում իրենց դիրքորոշումները նույնն են։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է ռուս-իրանական հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին։ «Այն փաստը, որ մեր ընթացիկ հանդիպումն արդեն հինգերորդն է 2025 թվականին, շատ բան է ասում մեր արտաքին քաղաքական գործունեության համակարգման մասին։ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելն ամրագրում են մեր համագործակցության առանձնահատուկ բնույթը և ուղենիշներ է սահմանում առաջնահերթ բոլոր ուղղություններով՝ քսան տարվա հեռանկարով»,-ասել է Լավրովը։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ կողմերը պայմանավորվել են «սերտ խորհրդակցություններ անցկացնել առաջիկա հնարավոր զարգացումների շուրջ»։ Թե ինչ քննարկումներ են ունեցել Լավրովն ու Արաղչին Հարավային Կովկասի մասով, առայժմ չի մանրամասնվում։ Սակայն, փորձագետները գրեթե վստահ են, որ Հարավային Կովկասը հանդիպման առանցքային թեմաներևից մեկն է եղել։ Նման վստահության հիմքում նախօրեին TRIPP ուղու վերաբերյալ Թեհրանից և Մոսկվայից գրեթե միաժամանակ հնչած հայտարարություններն են։
Դեռ օգոստոսին՝ վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից անմիջապես հետո, TRIPP նախագծի համատեքստում Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, ինչը համապատասխանում են ԻԻՀ-ի դիրքորոշումներին։
«Միջանցքի հարցը լիովին փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»։
Արաղչին նշել էր նաև, որ ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգության առիթ է տալիս, և Իրանը կշարունակի այդ հարցով խորհրդակցությունները։
Նախօրեին, սակայն, Իրանի դիրքորոշումը ավելի կտրուկ ձևակերպումներով ներկայացրեց Գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին՝ շեշտադրելով, որ TRIPP ուղին գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է։
Ի դեպ, իրանական «Թասնիմ» լրատվամիջոցը նույնպես Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ զրույցում օգտագործել է «միջանցք» եզրույթը, ինչին դեսպանն արձագանքել է ուղղումով․ Հայաստանի հարավով անցնող կապուղու պաշտոնական անվանումը հենց TRIPP է, և ցանկացած այլ, այդ թվում՝ «միջանցք» բնորոշումը, հակասում է հռչակագրի տառին և ոգուն։ Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը TRIPP նախագծում՝ իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում վստահեցրել է Հայաստանի դեսպանը։
«Հավատարիմ մնալով բարեկամության և փոխվստահության մթնոլորտին՝ այս ամբողջ գործընթացի շրջանակում պաշտոնական Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը, իսկ զարգացումների վերաբերյալ տարբեր մակարդակներում ընթացել է ակտիվ երկխոսություն: Հարկ եմ համարում նաև նշել, որ հենց այս սկզբունքներն են այն հենասյուները, որոնք մշտապես առաջնային են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության համար, և դրանց պահպանումը լիովին համահունչ է մեր երկու պետությունների շահերին»։
Երևանը Թեհրանի պաշտոնական դիրքորոշում համարում է արտգործնախարարության հայտարարությունները ՝ գրտում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն մանրամասնում է.
«TRIPP նախագիծը երկկողմ նախագիծ է. Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև են բանակցություններ ընթանում։ Հետագայում որևէ կողմի որևէ ընկերություն՝ լինի պետություն, լինի նրա ներգրավման հարցերը, հետագայում են քննարկվելու»։
Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նկատում է, որ Իրանում TRIPP–ի վերաբերյալ կա մեկ մոտեցում, որն արտահայտվում է երկու տարբերակով։ Մոտեցումն ընդհանուր առմամբ Իրանի շահերին հակասելն է, սակայն քաղաքական թևը՝ նախագահի գլխավորությամբ, այս մոտեցումը ներկայացնում է ավելի մեղմ ձևակերպումներով, իսկ պահպանողական թևը՝ հոգևոր առաջնորդի գլխավորությամբ, կոշտ գնահատականներով է արձագանքում։
«Դիրքորոշման արտահայտման հարցում երկու հիմնական մոտեցում կա՝ նախագահի թիմի մոտեցումը և հոգևոր առաջնորդի։ Ընդ որում, այդ երկու մոտեցումների տարբերություններն էլ նկատվել են հենց TRIPP-ի վերաբերյալ տեղեկատվության տարածումից անմիջապես հոտո։ Այսինքն, ընդհանուր կա մեկ մոտեցում, բայց արձագանքի երկու տարբեր հնարավորություն։ Չեզոք մոտեցումը TRIPP-ի հետ կապված զուտ իրավիճակային լուծում է, որովհետև ավելի էական, ավելի առարկայական քայլերի դիմելու, TRIPP նախագիծը չեզոքացնելու կամ կանխելու հետ կապված, Իրանը պարզապես չունի»։
Այս առումով, փորձագետը պատահական չի համարում, որ նախագծի վերաբերյալ Իրանի կոշտ գնահատականը համընկավ Ռուսաստանից հնչած տեսակետին։ Իրանին մնում է աջակցել Ռուսաստանի ջանքերին։ Ռուսաստանն էլ հայտարարում է, որ պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ՝ հիշեցնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
«Բնականաբար, այդ միջավայրը պահպանելու համար, ռուսական կողմը չի կարող գնալ ավելի կտրուկ դիրքորոշման, որովհետև շատ լավ հասկանում է, որ այս նախագիծը Հայաստան ԱՄՆ համատեղ նախագիծ է և դրան կտրուկ դեմ լինելը նշանակում է խոչընդոտել նաև ԱՄՆ շահերին։ Սրանով պայմանավորված ռուսական կողմը զուսպ է, բայց ռուսական կողմը ունի որոշ խաղաքարտեր, որոնք փորձում է և հետագայում էլ փորձելու է խաղարկել՝ որոշակի միջամտություն գործընթացի վրա ունենալու համար»։
Ռուսական կողմն, ըստ փորձագերի՝ երեք խաղաքարտ է շահարկում՝ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը, Հայաստանի հարավային սահմանին ռուս սահմանապահների որոշակի ներկայությունը և «Ռուսական երկաթուղիներ»-ի հնարավոր մասնակցությունը նախագծին։
«Բայց այստեղ կարևորն այն է, որ TRIPP-ի շրջանակում կառուցվելիք երկաթուղին ինքը երբևէ չի եղել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրինման ներքո։ Ընդ որում այս բոլոր ուղղություններն էլ՝ երեք հանգամանքները, որոնց մասին նշեցի, այս պահին ընդամենը խաղաքարտեր են, բայց դրանք, այսպես ասեմ, հաղթաթղթեր չեն. խաղաքարտեր են, որոնք փորձելու է օգտագործել»։
Փորձագետի համոզմամբ, սակայն, այդ երեք խաղաքարտերից որևէ մեկը էական ազդեցություն չի կարող ունենալ գործընթացի վրա, եթե Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունենան միասնական դիրքորոշում և որոշակի համաձայնություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։