Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս բանտարկված կմնա

Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով։

Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։

Իր հերթին պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, ոչ իրավաչափ, առողջական վիճակի հետ ոչ համատեղելի ճանաչելու վերաբերյալ։

Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը երաշխավորություն են ներկայացրել։ Երաշխավորներին միացել է նաև դերասան Լևոն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, իսկ  հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։

Leave a Comment