ԵՄ-ի մոտեցումը, որն ընտրողաբար թիրախավորում է այսպես կոչված «ապատեղեկատվական» նարատիվները, մարտահրավեր է արդար և հավասար ժողովրդավարական մրցակցությանը. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի բաց նամակը Կայա Կալասին

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Եվրոպական միության հանձնակատար Կայա Կալասին
Հայաստանի օրենսդիր մարմնի ընտրություններին միջամտելու վերաբերյալ վերջին հայտարարությունների պարզաբանման պահանջով

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը խորապես ցնցված է և խստորեն դատապարտում է Եվրոպական միության առաջարկվող քաղաքականությունը և դրան ուղեկցող հայտարարությունները, որոնք վերջերս հնչեցվել են հանձնակատար Կայա Կալասի կողմից՝ Հայաստանի ընտրական գործընթացին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ այն ներկայացնելով որպես «հիբրիդային հարձակումներին» և «ռուսական ապատեղեկատվական փորձերին» հակազդելու միջոց։

Թեպետ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը աջակցում է Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ և արդյունավետ համագործակցությանը իրավունքի գերակայության ամրապնդման և դատական անկախության ոլորտներում՝ ինչպես սահմանված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA), մենք այս առաջարկվող միջամտությունը դիտարկում ենք որպես Հայաստանի Հանրապետության ներքին, ինքնիշխան քաղաքական կյանքի նկատմամբ խորապես խնդրահարույց և հակաարդյունավետ միջամտություն։ Նման գործողությունները հիմնովին հակասում են չմիջամտելու հիմնարար սկզբունքին, որը ամրագրված է հենց CEPA-ի շրջանակում։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը համոզված է, որ ԵՄ-ի մոտեցումը, որը ընտրողաբար թիրախավորում է այսպես կոչված «ապատեղեկատվական» նարատիվները, որոնք հաճախ բխում են ներքին քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության լիովին օրինական ձայներից, և միաժամանակ ուժեղացնում է գործող իշխանության ռեսուրսները, ուղիղ մարտահրավեր է արդար և հավասար ժողովրդավարական մրցակցությանը։

Կառավարությանը համահունչ մեխանիզմների ֆինանսավորումը՝ ներքին քաղաքական քննադատությանը հակազդելու նպատակով, «հիբրիդային սպառնալիքների» անորոշ ձևակերպման ներքո, հանդիսանում է ԵՄ-ի կողմից անընդունելի փորձ՝ նախապես կանխորոշելու և գործող իշխանության օգտին ազդելու ընտրությունների արդյունքի վրա։
Սա վտանգում է իրական ընդդիմության լեգիտիմությունը և ներքին քննադատներին ներկայացնում որպես արտաքին ուժերի գործակալներ․ մի գործելակերպ, որը գործող իշխանությունը արդեն կիրառել է՝ դատական համակարգը քաղաքական ընդդիմախոսների դեմ գործիքավորելու նպատակով։ Գործող իշխող կուսակցությունը շարունակաբար շահարկել է առկա աշխարհաքաղաքական լարվածությունը՝ ցանկացած քննադատություն «հիբրիդային հարձակումների» անվան տակ վարկաբեկելու համար։

Այն պայմաններում, երբ շարունակում են գոյություն ունենալ լուրջ ներքին մտահոգություններ՝ կապված գործադիր իշխանության կողմից դատական անկախության խաթարման, ինչպես նաև պետական ինստիտուտների օգտագործման հետ քաղաքական մրցակիցների, Հայ Եկեղեցու և այլ հասարակական դերակատարների դեմ, ԵՄ-ի հռետորական և ֆինանսական աջակցությունը վտանգում է գործող կառավարության ավտորիտար ուղղվածությանը տալ հզոր միջազգային լեգիտիմացում։

CEPA-ի շրջանակը պարտավորեցնում է երկու կողմերին հարգել ժողովրդավարական սկզբունքները և իրավունքի գերակայությունը։ Նախընտրական դիսկուրսի մեջ այսպիսի բացահայտ կողմնակալ ներգրավմամբ Եվրոպական միությունը փաստացի գործում է սեփական՝ իրական ժողովրդավարությանը հավատարմության հանձնառության դեմ։

Մենք նաև խստորեն դատապարտում ենք քաղաքականապես լիցքավորված ընտրական անվտանգության ծրագրերին առաջնահերթություն տալը՝ ի հաշիվ առավել հրատապ և ոչ քաղաքականացված հումանիտար կարիքների։ Մասնավորապես՝ այն կենսական օգնության, որն անհրաժեշտ է Արցախից (Լեռնային Ղարաբաղից) էթնիկ զտման ենթարկված հազարավոր հայերին, ինչպես նաև Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանն ուղղված արդյունավետ քայլերի անհրաժեշտության ֆոնին, երբ նրանց պահման պայմանները շարունակաբար վատթարանում են։

Ռեսուրսները զգայուն քաղաքական օրակարգի վրա ուղղելու որոշումը՝ փոխարենը բավարարելու անմիջական և գոյաբանական կարիքները այն բնակչության, որը ենթարկվել է էթնիկ զտման, հատկապես այն պարագայում, երբ Եվրոպական խորհրդարանը հետևողականորեն պարտավորեցրել է Եվրոպական հանձնաժողովին զարգացման օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին և գործուն քայլեր ձեռնարկել հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ, հանդիսանում է եվրոպական ժողովրդավարության արժեքների և ոգու կոպիտ խախտում։

Հետևաբար, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը պարզաբանումներ է պահանջում հետևյալ հարցերի շուրջ՝ ԵՄ–Հայաստան հարաբերությունների ամբողջականությունն ու վստահելիությունը պահպանելու նպատակով.

  1. Ապացուցողական հիմք․ ի՞նչ հստակ, ոչ քաղաքական ապացույցների և մեթոդաբանության վրա է հենվում ԵՄ-ն՝ Հայաստանի քաղաքական դաշտում օրինական ներքին քաղաքական անհամաձայնությունն ու խոսքի ազատությունը «չարամիտ արտաքին ապատեղեկատվությունից» տարբերակելու համար։
  2. Գործիքավորման դեմ երաշխիքներ․ ի՞նչ ամուր, անկախ և ստուգելի վերահսկողական մեխանիզմներ են նախատեսվում, որպեսզի բացառվի ԵՄ-ի աջակցությամբ տրամադրվող միջոցների և գործիքների օգտագործումը գործող հայկական կառավարության կողմից՝ ոչ համահունչ քաղաքացիական հասարակության խմբերին, ընդդիմադիր կուսակցություններին կամ քննադատական լրատվամիջոցներին թիրախավորելու, հալածելու կամ կամայականորեն «օտարերկրյա գործակալ» կամ «ապատեղեկատվության դերակատար» պիտակավորելու համար։
  3. Ժողովրդավարական հետընթացի խորացում․ ի՞նչ լուրջ և արդյունավետ միջոցներ են քննարկվել՝ Հայաստանի կառավարության գործադիր ճյուղի կողմից իրավունքի գերակայության քայքայմանը և դատական համակարգի քաղաքական շահագործմանը հակազդելու համար՝ ընդդեմ իրենց ընկալմամբ քաղաքական և ներքին հակառակորդների։

Մենք կոչ ենք անում Եվրոպական միությանը վերանայել այս քաղաքականությունը, իր ռեսուրսները վերաուղղել իրական հումանիտար աջակցության վրա և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ակնհայտ և չարդարացված միջամտություն են կազմում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործերին։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment