Կադաստրի կոմիտեն «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով պիլոտային նախագիծ է սկսում: Ըստ այդմ՝ առաջարկվում է նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կնքել թվային ստորագրությամբ։ Նախագիծը պիլոտային է՝ 18 ամսով։
Կփորձարկեն նոր համակարգը, կգույքագրեն տեխնիկական կամ իրավական խնդիրները, կհասկանան՝ կա հետաքրքրություն, թե ոչ։ Եթե սպասելիքներն արդարանան, ծրագիրը կսկսի գործել ամբողջությամբ։ Օրենսդրությամբ՝ գործարքի տեսակի սահմանափակում չկա։ Օրինակելի պայմանագրի տիպային ձևերը կառավարությունը կհաստատի առաջիկայում։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նոր համակարգ է ներդնում․ ՀՀ քաղաքացիները, անկախ գտնվելու վայրից, նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կարող են կնքել թվային ստորագրությամբ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը նախ ներկայացնում է բոլոր այն քայլերը, որոնք այժմ կատարվում են գործարքների վավերացման համար․
«Այժմ, եթե անձը ցանկանում է օտարել իր գույքը, այցելում է նոտարական գրասենյակ, այնտեղ է գործարքը կնքում, նոտարը վավերացնում է այն։ Այս դեպքում ներկայանում է անձամբ, կամ, լիազորագրի առկայության դեպքում, լիազորագրով։ Եթե անձն արտերկրում է, ապա այդ լիազորագիրը այդ երկրում նոտարը վավերացնում է, ապոստիլով վավերացնում է, ուղարկում է Հայաստանի Հանրապետություն, այստեղ այլ անձ լիազորագրի հիման վրա գործարքը կնքում է»։
Ժամանակահատվածը երկար է, նոտարական ծառայությունները՝ ծախսատար։ Առանց նոտարական վավերացման գործարք կնքելիս քաղաքացին ներկայանում է Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ու կատարում գործարքը։ Այժմ կոմիտեն առաջարկում է գործարքները թվային եղանակով կնքել․
«Քաղաքացիներն այս ամբողջ լիազորագրերի և անձամբ որևիցե վայրում, որևիցե տեղ ներկայանալու պահանջներ չեն ունենա։ Փոխարենը հնարավորություն են ունենալու իրենց համակարգչով, օրինակ, գիշերը՝ ժամը 12-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռք բերելու Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք»։
Էլեկտրոնային եղանակով հնարավոր է գործարքը, եթե կողմերը ՀՀ քաղաքացիներ են։ Օնլայն գործարքի դեպքում անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։ Քաղաքացիների հիմնական մասը, եկամուտների հայտարարագրման ինտիտուտի ներդրումով պայմանավորված, արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն։
«Անձը նախ մուտք է գործում Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ, պարտադիր կերպով «Ես եմ» նույնականացման հարթակի միջոցով նույնականացվում է։ Այստեղ կա «Անձնական գրասենյակ» բաժին, որտեղ արտացոլվում են այն գույքերը, որոնք վերջինիս պատկանում են սեփականության իրավունքով, և որոնց վերաբերյալ քաղաքացին իրավունք ունի կնքելու գործարքներ։ Կարտացոլվեն տիպային գործարքների տեսակները, որոնք քաղաքացին կարող է կնքել էլեկտրոնային միջավայրում՝ առանց նոտարական վավերացման»։
Կադաստրի կոմիտեում կարծում են, որ նախագիծը կխթանի նաև անշարժ գույքի շուկայի զարգացումը։ Ընդգծում են՝ կառուցապատողները արտերկրում տարբեր էքսպոների մասնակցելիս կարող են նաև տեղում պլանշետով վաճառք կազմակերպել։