«Իմնեմնիմի 1» եւ «Իմնեմնիմի 2» գործերի ընթացքում՝ ընդամենը 1,5 տարում, մեր երկրում ռեպրեսիվ ապարատն ավելի մեծ արտոնություններ է ստացել․ Ռուբեն Մելիքյան

«Այս փորձությամբ մենք արդեն մեկ անգամ անցել ենք եւ տղաներն արդարացվել են։ Այս գործում մի առանձնահատկություն կա․ «Իմնեմնիմի 2»-ի գործով բացարձակ նույն դերակատարներն են՝ նույն քննիչը, դատավորը եւ այլն։ Ակնհայտ է, որ չէր կարող նման բան լինել, եթե քաղաքական պատվեր չլիներ սրա տակ»,- այսօր «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մեկամսյակի առիթով հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ իշխանությունը փորձում է անընդհատ ասպարեզ նետել, թե տղաները սեռական բնույթի հայհոյանքներ են տվել եւ սպառնալիքներ են հնչեցրել ՔՊ-ական ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այլ ՔՊ-ականների հասցեին։ Փաստաբանը հստակեցնում է՝ ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել, ավելին, քրեական վարույթում որեւէ բան չկա սպառնալիքի մասին։

Փաստաբաններից Ռուբեն Մելիքյանն էլ տեղեկացրեց, որ «Իմնեմնիմի» գրասենյակից բռնագանձված որոշ գույքեր՝ շտատիվները, վերադարձվել են։ Նա նկատեց, որ անգամ այս պայմաններում, երբ ՀՀ-ն ԵՄ-ից հիբրիդային ինչ-որ բաների համար ուղղակի միջամտություն է խնդրում, մենք այս գործերով միջազգային բավական լուրջ արձագանքներ ունեցանք։ Եթե նախկինում՝ «Իմնեմնիմի 1»-ի գործով, միջազգային ոչ կառավարական կազմակերպություններից էին արձագանքները, այժմ նաեւ ԵՄ պաշտոնական հարթակներից են՝ լրագրողների անվտանգության հարթակից ահազանգ-կոչ է հնչեցվել https://www.aravot.am/2025/12/12/1528510/։ Պաշտպաններն արձագանք են ստացել նաեւ ԵԽ-ից։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատասխան նամակ է ուղարկել, որում արձանագրում է, որ այն հարցը, որի մասին գրել են փաստաբանները, Հայաստանի ներքին գործն է եւ իրենք դրանով զբաղվել չեն կարող։

Ռուբեն Մելիքյանը հիշում է, թե մինչեւ 2018 թվականը ինչպես էր անձամբ ԵՄ դեսպանը մասնակցում քաղաքական ենթատեքստ ունեցող դատավարություններին եւ հարցնում՝ հիմա ի՞նչը փոխվեց․ արժեքնե՞րը, թե այն, որ այդ արժեքները ստորադաս են քաղաքական նպատակահարմարություններին։
Համեմատելով «Իմնեմնիմի 1» եւ «Իմնեմնիմի 2» գործերը, Ռուբեն Մելիքյանն արձանագրում է՝ ընդամենը 1,5 տարում, մեր երկրում ռեպրեսիվ ապարատն ավելի մեծ արտոնություններ է ստացել։ Այս անգամ սահմանափակված են նաեւ Նարեկի եւ Վազգենի տեսակցությունները։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment