
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որը օրերս տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, կհեռացվի։
Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․
«Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»։
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Սևակի ծննդավայրին էր նվիրել բանաստեղծի արձանը։ Այն տեղադրվել էր Զանգակատուն գյուղի դպրոցի մոտ։ Քանդակը, սակայն, միանշանակ չէր ընդունվել։ Սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացել արձանի թեմայի շուրջ։