«Թրամփի ուղի» ծրագրի առնչությամբ միանգամից երկու տարբեր հայտարարություններ են հնչել Իրանից և Ռուսաստանից։ Թեհրանը կրկին խոսել է մտահոգություններից՝ ճանապարհների ենթակառուցվածքների հարցը կապելով ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության հետ։
Մոսկվան իր հերթին ճանապարհներ է որոնում տարածաշրջանային ենթակառուցվածքներին միանալու համար և TRIPP ծրագրին մասնակցելու իր հավակնությունները հիմնավորում է 2021-2023 թթ․ ձեռք բերված պայմանավորվածություններով։
Երկու մայրաքաղաքներից հնչած կարծիքներին Երևանը պատասխանել է առանց խուսանավելու՝ կանկրետ ձևակերպումներով։
TRIPP նախագծի առնչությամբ Թեհրանից հնչող նոր մտահոգություններին Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության ավելի վաղ հայտարարությունները։
«Յուրաքանչյուր երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա։ Շատ կարևոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում` Իրանի արտգործնախարարը, բազմիցս նշել են, որ այս նախագիծը իրենց «կարմիր գծերը» հաշվի առնում է, նաև հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ` սա ուժի մեջ է»։
Բանն այն է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ծրագիրը» Կովկասի համար գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը»։ Նա շեշտել է, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան։ Վելայաթին այս հայտարարությունն արել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի վախերը գալիս են այն գնահատականներից, որ Միացյալ Նահանգները զգայուն տարածաշրջաններ մտնելու պատմական փորձ ունի տնտեսական նախաձեռնությունների տեսքով ներկայացված նախագծերի միջոցով, սակայն նման ներգրավվածությունը աստիճանաբար ընդլայնվել է ռազմական և անվտանգության ոլորտներում։ Ավելի պարզ՝ պաշտոնական Թեհրանն անհանգստանում է, որ «Թրամփի ուղի»-ն հետագայում կարող է հիմք հանդիսանալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում։
Թեհրանից հնչող մտավախություններն անհիմն է համարում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետև նախ՝ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանը ունի որոշակի շրջանակ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, որը չի ենթադրում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը ՀՀ-ում ու ընդհանրապես TRIPP-ի համատեքստում դրա մասին խոսելը, կարծում եմ, նպատակահարմար չէ, որովհետև TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է։ Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք, և երբ լինում են նման անհանգստություններ, ակտիվ քննարկում ենք այդ հարցերը և փարատվում են նույնիսկ խորհրդարանական մակարդակում։ Նախորդ շաբաթ գործընկերս Իրանից պատգամավորների էր հյուրընկալել, և նաև այդ թեմաներն են քննարկվել։ Այստեղ ես որևէ անհանգստանալու բան չեմ տեսնում»։
Խանդանյանի տեղեկություններով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն այս պահին և մինչև տարեվերջ քննարկելու են հարցի իրավական շրջանակը TRIPP-ի պայմանագրի և կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ։ Պատգամավորը բացառում է, որ իրանական կողմին անհանգստացրել են, ասենք, այդ բանակցություններից սպրդած ինչ-որ նոր տեղեկություններ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, սակայն, այդ վարկածը իրատեսական է համարում և Թեհրանից հնչած մտավախությունը ընկալում է որպես «միջանցքային» տրամաբանությամբ տարվող աշխատանքների ապացույց։
«Ինֆորմացիա չունեմ, բայց պատճառները կարող են լինել նոր ի հայտ եկած փաստեր։ Կարող էր լինել, որ բանավոր ինչ-որ բան է խոստացվել, խախտվել է։ Կարող է լինել, որ իրենք հավատացել էին Փաշինյանի ասած այս կամ այն կետին, հետագայում ստացել են դրա հերքումը։ Չեմ կարող ասել, թե դրանցից որ մեկն է։
Ո՞ւր են այդ հրաշքները, որոնք այստեղ կանգնած ասում էին, որ Իրանը երջանիկ է TRIPP-ով, քիչ էր մնում՝ ասեին` Իրանն է այդ TRIPP-ը առաջ տարել, այնքան է Իրանին դուր եկել՝ չեք պատկերացնում։ Բա, թող պատասխանեն հիմա դրան, բա մենք խոսում էինք այդ պրոբլեմների մասին»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շարունակում է պնդել, որ «միջանցքի» մասին խոսակցությունները փաստացի հիմքեր չունեն և չեն համապատասխանում իրականությանը։ Ասում է՝ Իրանում Հայաստանի դեսպանը Վելայաթիի հետ հանդիպման ժամանակ հստակորեն փոխանցել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Ռուբինյանի համոզմամբ՝ այս հարցում անհանգստանալու որևէ առիթ չկա։
«TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության, փոխադարձության սկզբունքներով։ Եվ ո՛չ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները։ Մենք կարող ենք ասել հետևյալը, որ․
ա. Բացառվում է՝ Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։
բ․ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը։ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են»։
TRIPP ծրագրին առնչվող՝ օրվա երկրորդ հայտարարությունը հնչել է Մոսկվայից։ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը փոխանցել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ քննարկելու TRIPP ծրագրին Մոսկվայի մասնակցության հնարավորությունը։ Այդ հայտարարության հիմքում Կալուգինը դնում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2021-2023 թթ․ մշակված լուծումները։ Նա ռուսական խորհրդատվությունն է առաջարկել հայկական կողմին՝ քննարկելու TRIPP նախաձեռնության չափորոշիչները և Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը: Դրա համար կան բավարար հիմքեր՝ կարծում է Կալուգինը։
Ռուս պաշտոնյան հիշեցրել է, որ ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ այս հարցում որևէ քննարկում չկա։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հավելում է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ռուսական կոնցեսիոն կառավարման փաստի հիշեցումը այս հարցում տեղին չէ։
«TRIPP նախագիծը երկկողմ նախագիծ է։ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև են բանակցություններ ընթանում։ Հետագայում որևէ կողմի՝ որևէ ընկերություն լինի, պետություն լինի, դրա ներգրավման հարցերը քննարկվելու են, ինչպես Խաղաղության վաշինգտոնյան հռչակագրում է նշված, կողմերի համաձայնությամբ։ Այսինքն` կոնսենսուսով։ Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղիների» ներգրավմանը․ «Հարավկովկասյան երկաթուղիների» բալանսում գտնվող երկաթուղիները հստակ են և Հայաստանի հարավով, երբ կառուցվի նոր երկաթուղին, այդ երկաթուղին բալանսում չէ և, ենթադրաբար, TRIPP ընկերությունն է այդ երկաթուղու շահագործումը իրականացնելու»։
Պատգամավորը գրեթե բացառում է, որ երկաթգծի նոր կառուցվելիք հատվածը հետագայում ընդգրկվի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության բալանս։
Թեհրանից և Մոսկվայից հնչած հայտարարություններից հետո պաշտոնական Երևանը կրկին պարզաբանում է, որ «Թրամփի ուղի»-ն բացառապես երկկողմ բիզնես նախագիծ է, որում չկա անվտանգային ոչ մի բաղադրիչ։