Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման դրամահավաքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025թ. դրամահավաքն արդեն հաջողությամբ մեկնարկել է։ Հայրենանվեր այս գործին միանում են նաև Հայաստանի ֆինանսաբանկային և գործարար համայնքների ներկայացուցիչները։

Այն ուղղված է Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը, որի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերը կունենան ոռոգման ջուր։ Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքը սկիզբ է առնում 2280 մետր բարձրությունից։ Ներկայումս այն մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։ Վերակառուցման արդյունքում կապահովվի 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում, և 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու։ Ծրագիրը կնպաստի նաև ջրային անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական կայունությանը և կլիմայական դիմակայունությանը։

«Ջրանցքի ներքին ցանցերի վերականգնումից հետո կկարողանանք ոռոգել շուրջ 3000 հա հավելյալ հողատարածք։ Գյուղատնտեսության մեջ հսկայական աճ կգրանցվի, ինչը Սյունիքի գյուղատնտեսության վերականգնման համար մեծ նշանակություն ունեցող ծրագիր է, և հազարավոր մարդիկ կօգտվեն դրանից։ Գործարարները ևս  հասկանում են այս տնտեսական և ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի կարևորությունը։ Այժմ մենք աշխատում ենք ֆրանսիացի մասնագետների հետ` հուսալով, որ ավարտին կունենանք ոչ միայն ջրային պաշարներ,, այլև կխթանենք գյուղատնտեսության զարգացումը»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը։

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը, ակնկալվող թիրախային արդյունքներից բացի, կունենա նաև երկարաժամկետ և շարունակական ազդեցություն։ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին զուգահեռ՝ աջակցություն կտրամադրվի Սյունիքի գյուղատնտեսության կայուն զարգացմանը՝ ապահովելով գյուղաբնակների եկամտի կայուն աճ։

Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական ու հրատապ լուծում պահանջող հարցերը՝ նախաձեռնելով դրանց իրականացումը և  նպաստելով  Հայաստանում կյանքի որակի բարելավմանը։ Հիմնադրամը մինչ օրս միավորել է ավելի քան 1,5 միլիոն հայերի՝ ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար ներդնելով 1500-ից ավելի նախագծերում։ 2024-ից սկսած՝  Հիմնադրամը ծրագրային դրամահավաքներ է իրականացնում՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականություն։ Այս տարվա դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս  և արդյունքների հաշվետվությունը կներկայացվի ամփոփումից հետո։

Leave a Comment