16 դեկտեմբերի 2025 – 14:06 AMT
PanARMENIAN.Net – Դեռևս վերջնական որոշում չի կայացվել, թե արդյոք պետք է ապամոնտաժվի ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որը դեկտեմբերի սկզբին տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։
Դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյանն ասել է, որ սպասում են հրապարակված հարցման արդյունքներին ու դրանց ամփոփմանը, հայտնում է Panorama.am-ը։
«Դեռ չի որոշվել, առայժմ քննարկվում է, սպասում ենք հայտարարված հարցման արդյունքին, տեսնենք՝ վերջնական ինչ է որոշվելու։ Համայնքը պետք է որոշում կայացնի, մենք էլ կընդունենք համայնքի կայացրած որոշումը»,– նշել է նա։
Ադամյանն ընդգծել է, որ որպես կրթության ոլորտի ներկայացուցիչներ՝ սիրով ընդունել են քանդակագործի նվերը, սակայն իրենք չեն սպասել, որ արձանը նման աղմուկ կառաջացնի։
«Այն աստիճանի է հասել, որ դրվել է համայնքի քվեարկությանը»,– ասել է դպրոցի տնօրենը։
Նրա խոսքով՝ ինքը արձանը դրական է ընկալել, բայց դրա վերաբերյալ գնահատական պիտի տան մասնագետները։
«Այն արժեք է, ստեղծագործություն է, աշխատանք է, քանդակագործի չարչարանքն է։ Քանդակագործն այդ քանդակի մեջ ոգի է դրել, ունի պատմություն, կյանք, կա ամենակարևորը՝ Սևակ։ Այդ ամենը գնահատելի է»,– ասել է Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրենը։
Լևոն Թոքմաջյանն ավելի վաղ ասել էր, որ քանդակը ստեղծելու պատվեր չի ունեցել, իր նվիրատվությունն է Զանգակատան միջնակարգ դպրոցին։
«Ես համարում եմ Սևակի կերպարի բացահայտում, հայտնագործություն ինձ համար։ Ինձ համար այս գործը լավագույնն է։ Եթե իր թոռն ընդունեց, համարում է՝ իր պապու նոր կերպար, մնացածներն ով, ինչ ուզում է, թող ասի։ Սա իմ հատուկ մտածողության արդյունքն է։ Այս հասակիս ստեղծեցի փայլուն գործ։ Համարում եմ իմ լավագույն գործը։ Նրանք ուզում են, որպեսզի լուսանկարչություն լինի, ես լուսանկարչություն չեմ անում, իմ կերպարն եմ ստեղծում: Սա այն Պարույր Սևակը չէ, որին մենք ճանաչում էինք լուսանկարներից, նոր Պարույր Սևակ է, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն»։ Այդ տեսանկյունից պետք է մոտենալ։ Այստեղ կոնցեպտուալ մտածողության հարց է»,– ասել էր Լևոն Թոքմաջյանը։
Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանն ասել էր, որ մի քանի օր էլ կհետևեն հարցման վերջնական արդյունքներին, որից հետո արձանը կհեռացվի դպրոցի բակից։