Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը

Ինձ շարունակում են հարցնել՝ «Բա ո՞ւմ եք դուք տեսնում Փաշինյանի փոխարեն: Ես, օրինակ, նորմալ առաջնորդ չեմ տեսնում»: Այդպես են մարդիկ փորձում արդարացնել իրենց կրավորական դիրքը, թուլությունը, ծուլությունը: Գուցե նաեւ՝ վախը, որովհետեւ, ինչպես արդեն գրել եմ, քաղաքական հետապնդումները, պետական եւ ոչ պետական հիմնարկներում «ստուկաչությունը» հասել են աննախադեպ մասշտաբների:

Բայց քանի որ հարցը տրված է, նորից պատասխանեմ: Ենթադրենք, առաջիկա ընտրություններին մասնակցելու է 10 կուսակցություն կամ դաշինք (իրականում կարող է ավելի շատ լինել՝ պարզապես օրինակ եմ բերում): Բացի ՔՊ-ից՝ կլինի նաեւ դրա 2-3 արբանյակ-կուսակցություն, որոնց ընտրական գործընթացի մեջ մտնելու նպատակը մեկն է լինելու՝ աջակցել, որ ՔՊ-ն հաղթի եւ, որոշակի դասավորության դեպքում, ՔՊ-ի հետ դաշինք կազմել կամ, բացառված չէ, «ընդդիմություն խաղալ»:

Մնացած, պայմանականորեն ասած, 6 քաղաքական ուժերը անկեղծորեն ցանկանում են, որ Փաշինյանը հեռանա: Ահա այդ 6 ուժերից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ցուցակի առաջին համարին, այսինքն՝ վարչապետի թեկնածուին ես տեսնում եմ Փաշինյանի փոխարեն:

«Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի՞ն», – «սադրիչ» հարց կտաք դուք: Ինչ խոսք, Փաշինյանից հետո, նա ինձ համար ամենաանցանկալի թեկնածուն է: Քաղաքական բռնաճնշումների, որեւէ քննադատություն չընդունելու, մանր, քինախնդիր բնավորությամբ եւ բազմաթիվ այլ առումներով այդ երկուսն իրար նման են, հավասար են: Ի դեպ, հաշվի առնելով այդ հանգամանքները, ես երկրորդ նախագահի շանսերը բարձր չեմ գնահատում:

Բայց Քոչարյանն իր իշխանության 10 տարիների ընթացքում երբեք փորձ չէր արել եւ հիմա էլ, եթե, զուտ տեսականորեն, վերադառնա իշխանության, չի համարձակվի ձեռք բարձրացնել Հայ առաքելական եկեղեցու վրա: Դրա համար պետք է լինել անպատկառ, կապը կտրած, սեփական «առաքելության» մասին ինչ-որ ցնորային ֆանտազիաներ ունեցող մոլագար:

Իհարկե, մեծ հույս եւ գրեթե վստահություն ունեմ, որ առաջիկա ընտրություններում Քոչարյանը չի լինելու Փաշինյանի հիմնական մրցակիցը: Բայց եթե ուղիղ հարց է տրվում, ուղիղ պատասխան տամ՝ այո, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment