Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնագիրն «ավելի մոտ է, քան երբևէ»

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան ծրագրին նվիրված երկօրյա բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել: Վաշինգտոնն, ըստ տեղեկությունների, Կիևին առաջարկել է անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի Հոդված 5-ի փոխադարձ պաշտպանության պարտավորության մոդելի վրա:

Թեև տարածքային զիջումների վերաբերյալ համաձայնության հասնելը, դեռևս հիմնական հարցերից է մնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ և մահացու հակամարտությանը վերջ դնելու համաձայնագիրը, կարծես, ավելի մոտ է, քան երբևէ։

«Մենք փորձում ենք դա ավարտին հասցնել, և կարծում եմ՝ հիմա ավելի մոտ ենք», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասաց Թրամփը, – «Մենք բազմաթիվ զրույցներ ունեցանք Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինի հետ, և կարծում եմ, որ մենք հիմա ավելի մոտ ենք, քան երբևէ, և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել», – հավելեց Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշեց, որ վերջերս խոսել է Պուտինի հետ, սակայն մանրամասներ և զրույցի ժամկետների մասին տեղեկություն չի նշել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բանակցությունները դժվար էին, բայց օգտակար, իսկ նրա գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը նշել է, որ Բեռլինում «իրական առաջընթաց» է գրանցվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների, ինչպես նաև ԱՄՆ այլ պատվիրակների մասնակցությամբ։

«Այս զրույցները միշտ հեշտ չեն լինում, ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Բայց դա արդյունավետ զրույց էր՝ շատ մանրամասներով, իսկապես շատ», – ասել է Զելենսկին:

Եվրոպացի առաջնորդները զգուշորեն ողջունել են Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում փոփոխությունը։

«Պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հրադադարի հնարավորությունը հնարավոր է», – X-ի գրառմամբ ասել է հանդիպումները հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Առաջին անգամ ես լսեցի ամերիկացի բանակցողների բերանից… որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում ներգրավվել այնպես, որ ռուսները որևէ կասկած չունենան՝ եթե Ռուսաստանը կրկին հարձակվի Ուկրաինայի վրա, ամերիկյան արձագանքը կլինի ռազմական», -Բեռլինից մեկնելուց հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Բեռլինում երկօրյա բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ կխնդրի ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ և Ուկրաինային տրամադրել ավելի շատ զենք, այդ թվում՝ հեռահար զենք, եթե Մոսկվան մերժի Կիևի, Վաշինգտոնի և եվրոպացի առաջնորդների միջև քննարկվող առաջարկները։

«Կարծում եմ՝ Ամերիկան պատժամիջոցների միջոցով ճնշում կկիրառի և մեզ ավելի շատ զենք կտա, եթե նա (Պուտինը) մերժի ամեն ինչ», – լրագրողներին ասել է Զելենսկին:

Նա հավելել է, որ Կիևն աջակցում է հրադադարի գաղափարին, մասնավորապես՝ Սուրբծննդյան շրջանում էներգետիկ օբյեկտների վրա հարվածների դադարեցման մասով։

Leave a Comment