Հանձնաժողովի անդրանիկ նիստում ներկայացվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի լավարկմանն ուղղված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը

Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։

Հանձնաժողովը կոչված է ապահովել պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցությունը և նշված մարմինների միջև մշտական հաղորդակցությունը` քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների օրենսդրական և գործնական խնդիրների վերհանման, հասցեագրման և գույքագրման, դրանց լուծման արդյունավետ ուղիների որոնման և հստակեցման, ինչպես նաև նշված ոլորտներում տեսլականների քննարկման նպատակով:

Հանձնաժողովի անդրանիկ նիստում ներկայացվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի լավարկմանն ուղղված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ մուտքի և իրենց վստահորդների հետ հանդիպումների ընթացքում առաջ եկող խնդիրները, ինչպես նաև համակարգային մի շարք այլ հարցեր կապված խափանման միջոցների և պատժատեսակների կատարման հետ։

Ծավալված քննարկման արդյունքում տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել են լուծման հնարավոր ուղղությունները։

Նշենք, որ քննարկումը անցկացվել է Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի աջակցությամբ։

Leave a Comment