ՄՅՈւ-ի ֆուտբոլիստը պատասխանել է Ամորիմի քննադատությանը, ապա արագ ջնջել հրապարակումը

Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդում» իրարանցում է առաջացրել ակադեմիայի սաների մակարդակի վերաբերյալ իր անկեղծ և կոշտ մեկնաբանություններով, ինչին չի ուշացել Հարի Ամասի արձագանքը։

Ամասը կատարյալ պատասխան էր գտել պորտուգալացի մասնագետի քննադատությանը, սակայն որոշել է երկար չպահել իր գրառումը։ Ամորիմը զայրացրել էր շատերին «Բորնմութի» դեմ խաղից առաջ՝ քննադատելով ակումբի երիտասարդ խաղացողների մակարդակը։

Ամասը, Թայլեր Ֆրեդրիկսոնը և Չիդո Օբին միակ երեք սաներն են, ովքեր նշել են իրենց նորամուտը հիմնական թիմում Ամորիմի ժամանումից ի վեր (ավելի քան մեկ տարի առաջ): Սա շեղում է ակումբի՝ սեփական սաներին առաջ մղելու ավանդույթից, սակայն Ամորիմը կոշտ պատասխան է տվել՝ խոսելով Կոբի Մայնուի և Թոբի Կոլյերի մասին․

«Նա (Կոլյերը) խաղացել է «Յունայթեդում», նա ակադեմիայից է։ Նա գնաց «Վեսթ Բրոմվիչ» և այնտեղ չի խաղում։ Այնպես որ, երբեմն պատճառն այն չէ, որ նա ակադեմիայից է կամ մեկ այլ տեղից։ Դա իրավիճակն է, այն, ինչ տեղի է ունեցել։ Ես չգիտեմ, թե ինչ ապագա է սպասվում Մայնուին․ կտեսնենք այս խաղից հետո։ Ամասն այժմ դժվարանում է Չեմպիոնշիփում։ Չիդոն միշտ չէ, որ մեկնարկային կազմում է Մ21 տարեկանների թիմում։ Այս բոլոր տղաները խաղում էին, երբ շատերն ասում էին՝ հեռացրեք մարզչին»։

Այս մեկնաբանությունները դուր չեն եկել երկրպագուներին և, կարծես, զայրացրել են նաև Ամասին։ 18-ամյա ձախ պաշտպանը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Շեֆիլդ Ուենսդեյում», որտեղ լավ տպավորություն է թողնում՝ չնայած ակումբի դժվարություններին (ֆինանսական խնդիրների պատճառով միավորների նվազեցումից հետո թիմը -9 միավորով եզրափակում է Չեմպիոնշիփի աղյուսակը)։

Ամասը թիմի լուսավոր կետերից մեկն է այս ծանր շրջանում։ Ի պատասխան Ամորիմի՝ «դժվարանալու» մասին խոսքերին, ֆուտբոլիստն իր Instagram-ի stories բաժնում հրապարակել է լուսանկար՝ ձեռքին «Շեֆիլդ Ուենսդեյի»՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Հավանաբար, զգուշանալով գործատուի (ՄՅՈՒ) արձագանքից, նա ավելի ուշ ջնջել է գրառումը։

Երիտասարդ պաշտպանը «Յունայթեդի» հիմնական կազմում ընդամենը 7 հանդիպման է մասնակցել։ Նա ուղարկվել է վարձակալության՝ փորձ ձեռք բերելու համար, քանի որ Ամորիմը ձախ եզրում վստահում է Պատրիկ Դորգուին և Դիոգո Դալոտին։

Առայժմ Ամասը 15 հանդիպում է անցկացրել «Շեֆիլդի» կազմում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Եթե Ամորիմը տպավորված չէ, ապա «Բուերի» մարզիչ Հենրիկ Պեդերսենը գոհ է իր խաղացողից․

«Կարծում եմ՝ նա ֆանտաստիկ աճ է գրանցել։ Հարին շատ լավ սկսեց մրցաշրջանը, հետո մի փոքր անկայուն շրջան եղավ, բայց վերջին 5-6 խաղերում նա շատ ուժեղ էր։ Նա հիանալի աշխատանք է կատարում թիմակիցների հետ։ Վստահ եմ, որ մենք ամեն ինչ կանենք նրան պահելու համար»,- ասել է Պեդերսենը։

Leave a Comment