Վրաստանը հասկացավ պարզ ճշմարտությունը, մենք՝ ոչ․ Նարինե Դիլբարյան անվճար բարձրագույն կրթության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը

– Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում 2026 թվականի ուսումնական տարվանից պետական ​​համալսարաններ ընդունվածներն ուսման վարձ չեն վճարելու, պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը։ Տիկի՛ն Դիլբարյան, Վրաստանի իշխանության այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում: Հայաստանը չունի՞ այդ պոտենցիալը, որ այստեղ էլ բարձրագույն կրթությունը անվճար դառնա:

– Շատ արդիական ու կարևոր հարց եք տալիս, որովհետև անկախ այդ ծաղրապատկերային ու գրոտեսկային իրողություններից, ինչպիսին «Կրթվելը նորաձև է» այդ գործողությունը, որ իրականացնում էր ներկա իշխանությունը՝ հանձին վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի, և, ի դեպ, կիսատ են թողել այդ արշավը, որքան էլ ծաղրապատկերային, այդուհանդերձ դիպվածային բնույթ ունեցավ: Դրանք զանգեր են, որոնք վկայում են մեր ու ընդհանրապես մարդկային հասարակության մեջ կրթության դերի կարևորության վերաբերյալ: Պետք է նկատի ունենալ, որ մեկ-երկու գիրք կարդալով չէ, որ մարդը կրթվում է, մարդ կրթվում է, երբ մտնում է կրթության համակարգի մեջ, ու ահա այդ համակարգում արդեն դրսի ազդեցությունը հասնում է զրոյի: 

Ազգային անվտանգության առաջնային բաղադրիչը իրականում ոչ թե զինված ուժերն են, այլ՝ կրթությունը: Կրթված, որակապես բարձր մասնագիտական կրթություն ստացած մարդկանց թիվը երբ սկսում է նվազել, ու մեծանում է կիսակիրթների բազմությունը, իսկ 21-րդ դարում դժվար է գտնել բացարձակ անկիրթ մարդու, հիմնական տեսակարար կշիռը կազմում են կիսակիրթ մարդիկ, իսկ կիսակիրթ մարդիկ շատ ավելի վտանգավոր են ազգային անվտանգության տեսանկյունից, քան բացարձակ անկիրթները: Կիրթ մարդիկ են, որ ստեղծում են ազգային անվտանգությունը երաշխավորող միջոցներ, գործիքակազմեր, մշակում են հինգերորդ, վեցերորդ սերնդի պատերազմների մարտավարություններ: 

Մեր տարածաշրջանում Վրաստանը հասել է այն պարզ ճշմարտությանը, որ եթե իսկապես ուզում ես ազատվել օտար պետությունների կամ դրսի ազդեցությունից, ապա դու ինքդ պետք է կարողանաս ձևավորել կրթված սերունդ, իսկ դրա հասանելիությունը ապահովելու համար կրթությունը պետք է լինի իսկապես մատչելի, իսկ եթե Վրաստանում կրթությունը դառնում է անվճար, ապա իրենք շատ լուրջ քայլ են կատարում: 

Իմ համոզմամբ՝ կրթությունն ու ժողովրդավարությունը բացարձակ անբաժանելի հասկացություններ են, և անվճար կրթությունը հենց իրական ժողովրդավարությունն է: Եթե գնահատենք Վրաստանի տնտեսական ներուժը, համախառն ներքին արդյունքը, կարող ենք ասել, որ Հայաստանից էականորեն չի տարբերվում: Վրաստանում և՛ միջին աշխատավարձն է ցածր, կենսամակարդակը այդքան բարձր չէ, արտահանման մեծ ծավալներ չունեն, զարգացած արտադրություն չունեն, այսինքն՝ երկիրը բոլորովին էլ թռիչքային վիճակում չէ, բայց իրենք հասել են ազգային անվտանգության այդ կարևոր բաղադրիչի ըմբռնմանը: 

Այնտեղ հասկացել են, որ ավելի լավ է տեղական բարձրաստիճան պաշտոնյաները ավելի ցածր աշխատավարձ ստանան, ու դա այնքան էլ չի բերի կոռուպցիայի աճի, բայց իրենք գումարներ կտնտեսեն ու դա կհատկացնեն Վրաստանի ապագա սերնդի բարեկեցությանը, որոնք արդեն կախված չեն լինի օտարերկրյա տարբեր հետախուզական ծառայություններից կամ տարբեր դրամաշնորհային ծրագրերից, որովհետև հայտնի ճշմարտություն է՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Երկրի ազգային անվտանգությունը կրթված քաղաքացին է, ընդ որում՝ այն քաղաքացին, որը կրթվել է իր պետության հաշվին, այն պետության, որի համար ինքն աշխատելու է: 

Հիմա անդրադառնանք մեզ. Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ելույթներում ասում է, որ եթե մենք աղքատ ենք, ուրեմն վատ ենք կրթվել, ինչն իհարկե շատ տարօրինակ է հնչում այն մարդու շուրթերից, որը չունի բարձրագույն կրթություն, բայց մեր իրականությունն այն է, որ ինչի մասին շատ են խոսում, դրա մասին երբևէ չեն մտածում: Ակնհայտ է, որ մեր իշխանությունը չի զբաղվի կրթության խնդրով, որովհետև մեր անվտանգության հայեցակարգը, նախորդը, կարելի է ասել, արնոտ միգում այրվում ու ճարճատում էր, իսկ նորը չի էլ ձևավորվել: Մեզ մոտ հիմա ազգային անվտանգությունը վերածվել է իշխանություն ունենալու անվտանգության: Այս իրողության պայմաններում ակնհայտ է, որ անվճար կրթության ապահովում այս իշխանության օրակարգում չկա: 

– Բայց Հայաստանն ունի՞ այդ հնարավորությունները:

– Հնարավորություններ միշտ էլ կարելի է գտնել, աղքատության ամենացածր շեմն ունեցող երկրներն են հենց առաջինը կենտրոնացել կրթության վրա: Կարող են, չէ՞, ի վերջո բոլոր պաշտոնյաները հրաժարվել իրենց պարգևավճարներից ու դրանք ուղղել անվճար կրթության համար հիմնադրամ ստեղծելուն, ու այդ հիմնադրամում սկսեն գումարներ հավաքել: Դա կլինի լավագույն քայլը, եթե ոչ միանգամից, ապա քայլ առ քայլ մենք կհասնենք դրան: Համեմատելով մեր տնտեսական ներուժն ու Վրաստանինը՝ կարող եմ ասել, որ տարբերությունները չնչին են միանշանակ, իրապես չնչին են: 

– Տիկի՛ն Դիլբարյան, այսինքն՝ ցանկությա՞ն հարց է:

– Կամքի հարց է, ես դա չէի համարի ցանկություն: Իրական կրթության մասին խոսելը ու ոչ թե պարզապես բարբաջելը, պահանջում է լուրջ ինքնագիտակցում ու ազգային գիտակցություն: Ազգային ու կենսունակ պետության ստեղծման միակ ճանապարհը կրթության հավասարության ապահովումն է: Անվճար կրթություն նշանակում է, որ բոլորն ունեն հավասար իրավունքներ: Այդ անվճար կրթությունը կարելի է ներդնել աստիճանաբար՝ ընտրելով ռազմավարական ոլորտներ, որոնք վերաբերում են պետության հիմք հանդիսացող մասնագիտություններին՝ Հայոց պատմությանը, Եկեղեցուն, լեզվին, որովհետև եթե դու չգիտես քո պատմությունը, քո Եկեղեցու պատմությունը, դու ընկնելով օտար ազդեցությունների տակ, քանդում ես դրանք: 

Պետք է բուհերի վրա ոչ թե նետել ինքնաֆինանսավորման այդ ծանր բեռը, որը հանգեցնում է ուղղակի դիպլոմների վաճառքի, այլ հակառակը՝ պետությունը պետք է վճռական դեր ստանձնի այստեղ: Այդ պետպատվեր կոչվածը, տեսեք, թե ինչ նվազագույնի է հասցված, կարևորագույն ուղղությունների ֆակուլտետներ կան, որտեղ 3-4 անվճար տեղ է, հավատացեք, որ այդ 3-4 անվճար տեղը շատ ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում, քան եթե բոլորի համար անվճար լինեին: Այդ ճանապարհով մենք կկարողանանք և՛ կոռուպցիան կրճատել, և՛ իսկապես ապահովել այն իրական, ինքնիշխան ու ժողովրդավար Հայաստանի գոյությունը: 

– Այսօրվա հայաստանյան կրթությունը հասանելի՞ է հանրության գոնե մեծ մասին, սահմանված վարձավճարները նորմա՞լ են:

– Բացարձակապես հասանելի չէ, իրականում ես բուհական համակարգում երեք տասնյակ տարի աշխատում եմ ու տեսնում եմ, որ անընդհատ բարձրացող վարձավճարները, որոնք բնավ չեն անդրադառնում դասախոսի՝ չասեմ ինչքան նվազ աշխատավարձի վրա, նաև վնասում են ուսանողին, որովհետև նրանց մեծ մասը ստիպված աշխատում է, որ կարողանա վճարել ուսման վարձը: Դասերից բացակայում են կամ գալիս են դասի արդեն ուժաքամ եղած, ինչն էլ բացասաբար է ազդում սովորողի կրթության որակի վրա: Կենսաթոշակային հիմնադրամ ունենք, չէ՞, իսկ կրթության հիմնադրամներ ինչո՞ւ չենք ստեղծում, որտեղից ուսանողը կարող է գնալ ու անտոկոս գումար վերցնել, թույլ չտալ անընդհատ այդ վճարների ավելացումը, քանի ուսանող չի կարողանում վճարել այդ վարձավճարներն ու դուրս է մնում: 

Մենք ունենք առևտրային կամ ռեստորանային համալիրներ, որտեղ արագ փողեր են պտտվում, թող պետությունը նրանց վրա պարտավորություն դնի՝ տարեկան, դիցուք՝ հարյուր ուսանողի կրթության գումարն ապահովել: Այս մեթոդներով հնարավոր է աստիճանաբար կրթությունը դարձնել իրական ժողովրդավար իրողություն: Ցանկացած մարդ պետք է կարողանա սովորել իրավաբանականում, բժշկականում, որտեղ վարձավճարները մեկ միլիոն դրամը գերազանցում են: Սրա դիմաց այդ համալիրները կարող են ստանալ որոշակի արտոնություններ: 

2-3 տարվա համապատասխան քայլերի մշակմամբ կարող ենք հասնել բացարձակ անվճար կրթության, անվճար կրթությունը իր հետ բերելու է նաև որակյալ կրթություն: Կրթության հարգը չգիտակցելուց է, որ պետությունները ջախջախվում են ու կապիտուլյացիայի ենթարկվում, հիմա ճիշտ ժամանակն է դրա մասին լրջորեն մտածելու: Անվճար կրթության ռեալ հնարավորություններն իսկապես առկա են մեզանում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment