«Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել պաշտպանական գիծը։ Ինչպես հայտնում է գերմանական Sky-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Յուլիան Ռյուերսոնի ծառայություններով։
Նորվեգացի ֆուտբոլիստն աչքի է ընկնում ունիվերսալությամբ․ նա կարող է հանդես գալ պաշտպանության ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրում։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» արդեն նախնական բանակցություններ է վարել Ռյուերսոնի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ 28-ամյա Ռյուերսոնի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։