Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են. Պապոյան

Ադրբեջանի տարածքով երկաթուղով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Հարցին, թե Ադրբեջանի տարածքով ՀՀ ցորենի մատակարարումները չե՞ն շարունակվում, Գևորգ Պապոյանը պատասխանել է. 

«Շարունակվում են, ճանապարհին հիմա նոր խմբաքանակներ կան»,- ասաց Պապոյանը։ 

Թե որ երկրներից է ներկրվում ցորենը, Պապոյանը մանրամասներ չհայտնեց. 

«Երբ գա, ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պահին սրանից ավելին չեմ կարող ասել»,- նշեց Պապոյանը։ 

2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։ 

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ադրբեջանի այդ որոշումը և հայտարարել, որ Հայաստանն էլ իր հերթին վերացրել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տեղափոխման համար։ 

Նոյեմբերի 6-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան։ 

Leave a Comment