Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է «Նեգրեյրայի գործին»՝ քննադատելով ստեղծված իրավիճակը և պատկան մարմինների պահվածքը։
««Ռեալի» գլխավոր խնդիրը մրցավարական իրավիճակն է: Ինչպես քաջատեղյակ եք, այս ծայրահեղ լուրջ իրավիճակը, որը ստեղծվել է «Նեգրեյրայի գործի» պատճառով և ձգվում է գրեթե երկու տասնամյակ, արդարադատության կարիք ունի:
Անհասկանալի է, որ Լա Լիգայի ղեկավարությունը մենակ է թողել «Ռեալին» այս պայքարում:
Ինչպե՞ս կարող է մրցավարների կոմիտեի նախագահը մեզ խնդրել մոռանալ սրա մասին: Ինչպե՞ս կարող ենք մոռանալ ֆուտբոլի պատմության ամենամեծ սկանդալը: Ինչպե՞ս կարող են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) և Լա Լիգան իրենց նման կերպ պահել. նրանք պարտավոր են ապահովել ազնվությունը:
«Նեգրեյրայի գործը» ժամանակակից ֆուտբոլի ամենալուրջ սկանդալն է: Մենք գիտենք, որ մրցավարների վերաբերյալ տեխնիկական եզրակացությունների համար վճարվել է ավելի քան 8 մլն եվրո:
Ընդ որում, մարզիչներն անգամ չեն ստացել այդ զեկույցները: Ո՞վ կարող է հավատալ, որ վճարել են մի բանի համար, որի գոյության մասին մարզիչները նույնիսկ չգիտեին: Սա ընդգծում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը:
[«Ալավես» – «Ռեալ» խաղում] մեզ սպասարկում էր մի մրցավար, ով նախկինում սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել մեր ակումբի դեմ: Եվ, կարծես թե, Վինիսիուսի և Ռոդրիգոյի նկատմամբ թույլ տրված խախտումները չարձանագրվեցին որպես 11-մետրանոցներ: Սա այդ մրցաշրջանի նորույթն էր:
Հնարավոր է՝ որոշ ակումբներ դուրս են մնացել բարձրագույն դիվիզիոնից «Նեգրեյրայի գործի» հետևանքով: Մեր ֆուտբոլը տուժել է, և արդարությունը պետք է վերականգնվի: Չմոռանանք, որ այս գործով քննիչ դատավորը սա որակել է որպես համակարգային կոռուպցիա: Իսկ «Բարսելոնան» խոստովանել է, որ այդ վճարումները կատարվել են, քանի որ դա «հարմար էր»: Ինչո՞ւ: Ինչի՞ համար: Մադրիդը շարունակելու է պնդել իր դիրքորոշումը, և դուք՝ ԶԼՄ-ները, այս հարցում հիմնարար դեր եք խաղում», — Պերեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին կատալոնական ակումբին մեղադրանք էր առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին պաշտոնյա Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կաշառելու համար: Մեղադրանքի համաձայն՝ 2001-2018 թվականներին «Բարսելոնան» մոտ 8,4 մլն եվրո է վճարել Նեգրեյրային:
Կատալոնական կողմի վարկածով՝ Նեգրեյրան վարձվել էր որպես արտաքին խորհրդատու՝ մրցավարության վերաբերյալ տեխնիկական հաշվետվություններ կազմելու համար: CTA-ի նախկին փոխնախագահը հերքում է, որ իրեն կաշառել են մրցավարների վրա ազդելու նպատակով: