Ապահովագրությունն ապահովություն է․ Վրաստան մեկնելիս Travel Insurance-ը պարտադիր է

Տարեսկզբից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու  ողջ ժամանակահատվածի համար։ Ապահովագրության առկայությունը կստուգվի երկրի սահմանային բոլոր անցակետերում՝ ցամաքային և օդային։

Ապահովագրությունն ապահովության ևս մեկ երաշխիք է, որը հավաստող փաստաթուղթը պետք է ունենա յուրաքանչյուր զբոսաշրջիկ, այլ երկիր մեկնող քաղաքացի՝ ասում են տուրիզմի մասնագետները և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։  

Սա ընդունված պրակտիկա է եվրոպական որևէ երկիր մեկնելու համար, որը տարեսկզբից կկիրառի նաև Վրաստանը։ «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում, մեկնաբանելով օրենսդրական փոփոխությունը Վրաստանում՝ ասում է  Welcome to Georgia տուրիստական ազգային մրցանակաբաշխության հիմնադիր ղեկավար Մայա Սիդոմանիձեն։

«Ժամանակակից հասարակությունն ամբողջ աշխարհում հոգ է տանում իր առողջության և անվտանգության մասին թե՛ իր երկրում, թե՛ դրանից դուրս։ Եւ ես կարծում եմ, որ մեզնից շատերը ճանապարհորդելիս ունեն առողջության ապահովագրություն: Պարտադիր տուրիստական ​​ապահովագրությունն առաջին հերթին շրջագայողին պաշտպանելու համար է, նաև՝ երկու կողմերի ֆինանսական ռիսկերը նվազեցնելու»:

Վրաստանը Ամանորն անցկացնելու նախընտրելի ուղղություն է ոչ միայն հայերի համար։ Մեծաթիվ ռուսաստանցիներ ձմռան արձակուրդներին Վրաստան են ժամանում դահուկային սպորտի համար հատկապես։ Առանց ապահովագրության էքստրեմալ, օրինակ՝ դահուկային սպորտով զբաղվելու համար տուգանքը 500-ից 1000 լարի (185 – 370 դոլար) է։  

«Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» որոշման նախագծի շուրջ անցյալ տարի մեծ աղմուկ էր բարձրացել, ինչից հետո հայտարարվեց դրա կիրարկումը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը հետաձգելու մասին։ Պաշտոնական նոր հայտարարություն դեռևս չի հնչել։

Փոխարենը հստակ է, որ Վրաստանի սահմանային բոլոր անցակետերում հունվարի մեկից անգլերենով կամ վրացերենով կազմված բժշկական ապահովագրություն կպահանջվի։

Ապահովագրության պոլիսը պետք է ընդգրկի ամբուլատոր (5,000 դոլարի չափով) և ստացիոնար (30,000 դոլարի չափով) ծառայություններ` վթարներ, դժբախտ պատահարներ, վնասվածքներ, և տրվի երկրում մնալու ողջ ժամանակահատվածի համար։

Հայաստանի քաղաքացի զրուցակիցներս, որ պատրաստվում են Ամանորը դիմավորել Վրաստանում, արդեն ձեռք են բերել ապահովագրական պոլիս։

«Ես տեղյակ էի, որ հետաձգել էին, պետք է ուժի մեջ մտնի հունվարի մեկից։ Թեև մեկնում եմ դեկտեմբերի վերջին, այդուհանդերձ ապահովության համար արդեն ձեռք եմ բերել` 6 օրվա համար վճարելով ընդամենը 1 500 դրամ։ Ամեն դեպքում ես պատրաստվեցի, որպեսզի անակնկալների չհանդիպեմ»։

Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է` ապահովագրությունն, ըստ էության, յուրաքանչյուր զբոսաշրջիկի շահերից է բխում․ 

«Կարծում եմ, որ ցանկացած երկիր, ոչ միայն Վրաստան մեկնելիս բժշկական ապահովագրություն ունենալն  անհրաժեշտ է, եթե նույնիսկ պարտադիր պահանջ չկա։ Դա առաջին հերթին մեզ՝ զբոսաշրջիկներիս է պետք։ Մանավանդ, որ դա մեծ բեռ չէ»։

Ճամփորդական ապահովագրության պոլիս կարելի է ձեռք բերել յուրաքանչյուր ապահովագրական ընկերությունից, նաև առցանց։ Այսուհետև առանց ապահովագրության մուտքը Վրաստան հնարավոր է մերժվի։ Իսկ երկրում գտնվող օտարերկրացին ապահովագրություն չունենալու դեպքում կտուգանվի 300 լարիով կամ շուրջ 42 հազար դրամով

Leave a Comment