ՊԵԿ–ը պարզաբանում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը

Օրերս ՊԵԿ աշխատակիցների և «Զվարթնոց» օդանավակայան ժամանած ուղևորի միջև վեճ և քաշքշուկ է տեղի ունեցել

ՊԵԿ–ը պարզաբանում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը


ԵՐԵՎԱՎՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՊԵԿ–ը պարզաբանում է ներկայացրել օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ 


ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, ցուցաբերելով անհարգալից ու կոպիտ վերաբերմունք մաքսային ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարումը, հայտնում է «Առաջին լրատվականը»։


«Տարածված տեսաձայնագրությունից հստակ երևում է, որ քաղաքացին հրավիրվել է առանձնասենյակ՝ իրավիճակը կարգավորելու և պարզաբանումներ տրամադրելու նպատակով, սակայն վերջինս շարունակել է խախտել հասարակական կարգը՝ կատարելով ձայնարկումներ և խոսելով բարձր տոնայնությամբ։


Իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով՝ սահմանված կարգով ներգրավվել են ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները։


Կոմիտեն խստորեն դատապարտում է պետական ծառայողների նկատմամբ ցանկացած տեսակի անհարգալից, ագրեսիվ կամ անթույլատրելի վարքագիծ: Մաքսային հսկողության բոլոր գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում և ենթակա են կատարման քաղաքացիների կողմից»,- ասված է պարզաբանման մեջ։


Նշենք, որ օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՊԵԿ կարմիր գոտում միջադեպ է գրանցվել Հռոմ–Երևան չվերթով ժամանած ուղևորի և ՊԵԿ աշխատակիցների միջև։ Մաքսային ստուգման ընթացքում ուղևորից պահանջվել է բացել ուղեբեռը, որի մեջ հայտնաբերվել է մրգի վազ։ Ստուգման ընթացքում ծագած խոսակցությունը վերածվել է լարված իրավիճակի, ինչի հետևանքով կողմերի միջև առաջացել են վեճ և քաշքշուկ։ ՊԵԿ աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ծառայողական սենյակ, իսկ ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք վերջինիս ձերբակալել են։ Կան տեղեկություններ, որ իրավապահ մարմինները քննարկում են նրա նկատմամբ կալանք կիրառելու հարցը։


Leave a Comment