Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, ցուցաբերելով անհարգալից ու կոպիտ վերաբերմունք մաքսային ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարմանը։
Տարածված տեսաձայնագրությունից հստակ երևում է, որ քաղաքացին հրավիրվել է առանձնասենյակ՝ իրավիճակը կարգավորելու և պարզաբանումներ տրամադրելու նպատակով, սակայն վերջինս շարունակել է խախտել հասարակական կարգը՝ կատարելով ձայնարկումներ և խոսելով բարձր տոնայնությամբ։
Իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով՝ սահմանված կարգով ներգրավվել են ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները։
Կոմիտեն խստորեն դատապարտում է պետական ծառայողների նկատմամբ ցանկացած տեսակի անհարգալից, ագրեսիվ կամ անթույլատրելի վարքագիծ: Մաքսային հսկողության բոլոր գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում և ենթակա են կատարման քաղաքացիների կողմից։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: