13 դեկտեմբերի 2025 – 14:24 AMT
PanARMENIAN.Net – «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատժախուց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ճանաչում եմ մոտ 5-6 տարի՝ որպես հակահայ ռեժիմի դեմ անդուլ ու անհոգնել պայքար վարող գործիչ։ «18 արդարների» գործով նա կալանավորվել է հուլիսի սկզբներին և մոտ 5 ամիս է՝ ինչ կալանքի անվան տակ փաստացի պատիժ է կրում «Նուբարաշենի» բանտում։
Եվ ահա այսօր Վահագնի փաստաբանը ահազանգեց, որ նրան անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց (կարցեր):
Այդ առթիվ ցանկանում եմ, նախ, արտահայտել Վահագնի հանդեպ հարգանքս, ապա՝ տարածել նրա խոսքը բանտից, ինչպես նաև կոչ ուղղել հանրությանը՝ ուշադրության տակ պահելու քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի իրավունքների հարցը»,–գրել է նա։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից իր փաստաբանի միջոցով տարածած հաղորդագրությյան մեջ Չախալյանը գրել է _«_դեկտեմբերի 4-ից հետո իր հանդեպ ճնշումները կտրուկ աճել են»։
«Իմ կալանքի ընթացքում ինձ պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո:
Մասնավորապես՝ այս 5 ամիսներին հնարավորինս պաշտպանել եմ սառնասրտությունս եւ ողջամտորեն կարողացել եմ խուսափել սադրանքների արդյունքում վրա հասնող հնարավոր հետեւանքներից: Միեւնույն ժամանակ, գիտակցում եմ, որ եթե ռեժիմը որոշել է նոր գործեր կարել եւ կալանքի մեջ կրկին կալանավորել, ապա դա վերջինիս համար ամբողջապես իրագործելի է:
Գիտակցելով վերոնշյալը և չխորանալով մանրամասների մեջ՝ հրապարակային հայտարարում եմ՝ հնարավոր նոր քրեական գործի դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա»,–գրել է Չախալյանը։
Չախալյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով։