Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքային ուղղություններ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՆԳ նախարարն ամփոփել է Բրյուսել կատարած այցը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսելում մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Եվրոպական Միության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները:

Ներքին գործերի նախարարը Արփինե Սարգսյանը համաժողովի ընթացքում մասնակցել է պանելային քննարկմանը:

«Պիտի փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս մասնակցությամբ միացել է Գլոբալ դաշինքին, ինչը թույլ է տալիս միավորելու ջանքերը անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում, որը դարձել է արդեն համաշխարհային ըստ էության մարտահրավեր, և այստեղ կարիք կա իրականում միավորելու ջանքերը»,-ասել է նախարար Արփինե Սարգսյանը։ 

Նախարարի խոսքով Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային և դրա արձանագրությանը միացած պետություն առաջնահերթություն է համարում միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարը, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով անկանոն միգրացիայի կանխարգելումը: Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել դիմակայուն, ճկուն և արդյունավետ միգրացիոն կառավարման համակարգ, որը միաժամանակ կապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը և մեր երկրի, ինչպես նաև ավելի ընդգրկուն տարածաշրջանի, այդ թվում Եվրոպայի անվտանգությունը, նշել է Արփինե Սարգսյանը:

Նախարար Սարգսյանի խոսքով Հայաստանը հետևողականորեն ուժեղացնում է անկանոն միգրացիայի դեմ պայքարի ոլորտում իր արձագանքը, քրեականացնելով ապօրինի միգրացիայի կազմակերպումը: Գործընկերների հետ համատեղ կատարելագործելով ռեադմիսիոն ընթացակարգերը, իրականացնելով նպատակային իրազեկման արշավներ և խթանելով օրինական միգրացիայի ուղիները։

Արփինե Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միգրանտների անօրինական միգրացիան ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել, այն սահմանները հատող հանցագործություն է, որը պահանջում է կայուն միջազգային համագործակցություն, ինչը և մենք շարունակում ենք ամրապնդել խորացնելով կապը Եվրոպոլի հետ, ասել է նա։

Ներքին գործերի նախարարի խոսքով տեղեկատվության և փորձի արդյունավետ փոխանակման ուղղված Հայաստանի և Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը կնպաստի անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Նա ընդգծել է, որ մշակման փուլում գտնվող միգրացիայի կառավարման ռազմավարական նոր ծրագիրը կնախանշի այս ոլորտների զարգացման ուղղությունները։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի թագավորություն այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական Միության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ։

Արփինե Սարգսյանը Եվրոպական Միության վիզաների ազատականացման գործընթացում առաջնորդության և կառուցողական ներգրավվածության համար, շնորհակալություն հայտնելով Մագնուս Բրուներին, ընդգծել է, որ Հայաստանը գործողությունների ծրագրի հենանիշները որակով և պատշաճ ընթացակարգերով իրականացնելու հանձնառություն ունի։

«Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև վիզաների ազատականացման երկխոսությանը և նաև վերջերս Հայաստանի Հանրապետությանը հանձնված գործողությունների ծրագրին։ Քննարկել ենք մի շարք նվաճումներ, որոնք մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ունի և նաև դիտարկել ենք առաջիկայում գարնանը արդեն հանձնակատարի Հայաստան այցին վերաբերող մի շարք հարցեր, և կարծում եմ, այն առաքելությունը, որ այս պահի դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, թույլ կտա մեզ հավաստիանալու, որ իրականում մենք առաջ ենք շարժվում և ունենք մի շարք զգալի նվաճումներ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի կատարման տեսանկյունից»,-ասել է նախարար Արփինե Սարգսյանը։ 

Մագնուս Բրուները միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի միանալու և միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու համար շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ ԵՄ հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նախարարին, որպես երկրի գլխավոր բանակցող, վիզաների ազատականացման շրջանակներում կառուցողական երկխոսություն ապահովելու համար։

Արփինե Սարգսյանը Բրյուսելում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մոլդովայի ներքին գործերի նախարար Դանիելա Միսաիլ Նիչիտինի հետ քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության առնչվող հարցեր։ Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձեք կատարվող նաև ներքին գործերի նախարարության կրթական հաստատությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

Եվրոպական սահմանային և ափամերձ տարածքների պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպմանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Եվրոպական Միության հետ ակտիվ երկխոսությունը, ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները: Կողմերը քննարկել են սահմանների կառավարման և անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Ներքին գործերի նախարարը անդրադառնալով բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում դրանց ռազմավարական նշանակությունը։ Արփինե Սարգսյանը կարևորել է Ֆրոնտեքսի հետ բազմակողմանի համագործակցությունը և ընդգծել այն ընդլայնելու պատրաստակամությունը։

«Ֆրոնտեքսի հետ արդեն իսկ վերջնականացման փուլում է գտնվում աշխատանքային համաձայնագիրը, որը թույլ կտա ավելի բարձր մակարդակի հասցնելու մեր համագործակցությունը և այն դնելու ավելի ամուր ինստիտուցիոնալ հենքի վրա»,-ասել է նախարար Արփինե Սարգսյանը։ 

Հան Սլեյտենսա այցի համաշնորհակալություն հայտնելով նախարար Սարգսյանին, բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը, կողմերը փոխադարձ այցերը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի թագավորության անվտանգության և ներքին գործերի նախարար Բերնարդ Կանտանի հետ։ Նախարար Սարգսյանը ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման և շարունակական զարգացման կարևորությունը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր,

Նախարար Սարգսյանը նաև շփումներ է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին Դե Բոլի ու մի շարք այլ երկրների գործընկերների հետ։

Leave a Comment