Տարեցներն ու ԱԲ-ը. նոր ինքնուրույնության պատմություններ. «Երկրորդ շնչառություն»

75-ամյա Ջուլիետա Քալաշյանը սմարթֆոնը ձեռքին դասընթացի է գնում։ Թվային գրագիտության այս դասընթացը նախատեսված է տարեցների համար։ Առաքումներ, տաքսի, հեռախոսային հավելվածներ և, իհարկե, արհեստական բանականություն։

Պատմում է, որ մինչ մասնակցությունն այս ծրագրին, թոռները հիմնականում օգնել են օգտվել հեռախոսից, բայց երբեմն ժամանակ չեն ունեցել կամ ասել են, որ ինքը փորձի ինքնուրույն հասկանալ։ Եվ այստեղ է, որ օգնության է եկել սմարթֆոնը հմուտ ու գրագետ օգտագործելու դասընթացը։ «Արհեստական բանականության գործիքներից էլ եմ օգտվում, առցանց գնումներ եմ անում, տաքսի եմ պատվիրում առանց որևէ մեկի օգնության»,– հպարտորեն նշում է տիկին Ջուլյան՝ ավելացնելով, որ արդյունավետ օգտագործում է Google-ի օրացույցի գործիքակազմը, որպեսզի որևէ սիրելի մարդու ծննդյան օր չմոռանա։

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի տարեց բնակիչների թվային գրագիտության մակարդակը, ապահովել նրանց անվտանգ և արդյունավետ ներգրավվածությունը թվային միջավայրում և սովորեցնել առցանց ծառայություններից ինքնուրույն ու վստահ օգտվել։ «Նրանք պետք է տեղեկացված լինեն, հասկանան, թե ինչ են անում, ապահով զգան իրենց համացանցում և իրենց տրվող գործիքակազմը օգտագործեն ճիշտ ու տեղին»,– ասում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ համատեղ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ։

Leave a Comment