Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում քննությունների ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել, ութը ծանր վիրավորվել են։ Իշխանությունների տվյալներով՝ ևս մեկ անձ թեթև վիրավորվել է։
Կրակողը դեռևս չի ձերբակալվել։ Համալսարանի պաշտոնյաների խոսքով՝ մահացածներն ու վիրավորները ուսանողներ են։
Կրակոցները տեղի են ունեցել ինժեներական ֆակուլտետի առաջին հարկում, որտեղ քննությունները նախատեսված էին կեսօրին։ Ուսանողներից մեկը տեղական WJAR հեռուստաալիքին ասել է, որ երկու ժամ թաքնվել է սեղանի տակ՝ սպասելով ոստիկանության գործողությունների ավարտին։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են կրակոցների մասին։ «Ի՜նչ սարսափելի իրադարձություն։ Այս պահին մենք միայն կարող ենք աղոթել զոհերի համար։ Սա ամոթ է», — լրագրողներին ասել է Թրամփը։
«Հանցագործը դեռևս ազատության մեջ է», — հայտնել է Փրովիդենսի քաղաքապետ Բրեթ Սմայլին։ Նա ասել է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Փոխոստիկանապետ Թիմոթի Օ’Հարան ասել է, որ կասկածյալը դեռևս չի նույնականացվել։ Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալը տարիքով 30-ից բարձր է. շենքից դուրս գալու պահին նա հայտնվել է տեսախցիկների տեսագրությունում։
Բրաունի համալսարանը ԱՄՆ-ի ամենահեղինակավոր և ամենահին մասնավոր համալսարաններից է։
Ըստ «The Gun Violence Archive» կազմակերպության, այս տարի ԱՄՆ-ում հասարակական վայրերում տեղի է ունեցել 389 նման դեպք, ընդ որում դրանցից վեցը՝ դպրոցներում։ Անցյալ տարի գրանցվել է ավելի քան 500 դեպք։