Հայկական բժշկական ասոցիացիայի համագումարն ու առողջապահության ոլորտի արդիական մարտահրավերները Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիայի ամենամյա համաժողովը միավորել է ոլորտի առաջատար մասնագետներին՝ Հայաստանի բժշկական համակարգի արդիական մարտահրավերները քննարկելու և լուծումներ գտնելու համար։

Համագումարը հարթակ է, որտեղ մասնագետները կարողացել են ներկայացնել իրենց ծրագրերը, քննարկել առողջապահական քաղաքականության ուղղությունները և համատեղ քայլեր մշակել ոլորտի զարգացման համար:

Համագումարում ընդգծվել է, որ նման հանդիպումները ոչ միայն նպաստում են ասոցիացիաների արդյունավետության բարձրացմանը, այլև մեծապես նպաստում են ամբողջ բժշկական համակարգի համահունչ զարգացմանը՝ խթանելով գիտական, կրթական և պրակտիկ նախաձեռնությունները երկրում:

Առողջապահության ոլորտի մասնագետները նշում են՝ մարզային բժշկության ոլորտում դեռևս կան լուրջ խնդիրներ, որոնց լուծումն առաջնահերթ նշանակություն ունի։ Նախարարությունն արդեն իրականացնում է քայլեր մարզային հիվանդանոցների բարեփոխման, վերանորոգման և անհրաժեշտ բուժսարքավորումներ ապահովելու ուղղությամբ, սակայն մասնագետների պակասը մնում է առաջնային խնդիր, Հայկական բժշկական ասոցիացիայի համաժողովին «Ռադիոլուրին» ասաց ասոցիացիայի նախագահ, քիթ-կոկորդ-ականջաբան Գեղամ Խանդանյանը։

«Մենք, իհարկե, նաև կնպաստենք, որ նվազի մարզերից բուժառուների արտահոսքը դեպի Երևան և նրանց վրա այդ բժշկական սպասարկումը շատ ավելի մատչելի կլինի, քան թե նրանք գան հասնեն Երևան»։

Մյուս կարևոր հարցը, որը քննարկվել է նաև համաժողովի ընթացքում, վերաբերում է ծանր հիվանդների և երկարատև բուժման կարիք ունեցող, այդ թվում անկողնային հիվանդների, խնամքին։ Այս հիվանդների խնամքը պահանջում է բարձրորակ բժշկական սպասարկում և լուրջ ռեսուրսներ, ինչը հաճախ դժվար է կազմակերպել ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ տնային պայմաններում։ Առողջապահության նախարարությունը մտադիր է կենտրոնացնել ջանքերը պալիատիվ խնամքի ծառայությունների զարգացման և համապարփակ աջակցության ապահովման վրա, որպեսզի նրանք, ովքեր չեն կարող մասնավոր հիվանդանոցներում բուժվել, ստանան պատշաճ խնամք։ Այս գործընթացը պետք է շարունակական լինի, ասաց Գեղամ Խանդանյանը։

«Այս հարցը նույնպես պետք է գտնվի առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, որովհետև կան մարդիկ, բավականին շատ մարդիկ, որոնք ի վիճակի չեն մասնավոր հոսպիսներում իրենց բուժառուներին խնամքի տալ»։

Ըստ Խանդանյանի՝ առողջապահական համակարգի խնդիրները լուծելու համար նախարարությունն ամեն ինչ անում է։ Առաջին ու կարևոր քայլերից, նրա գնահատմամբ, առողջապահության համընդհանուր ապահովագրության և բժշկական ստանդարտների ներդրումն է։ Համաժողովին ներկա ոլորտի առաջատար փորձագետներն ու միջազգային ճանաչում ունեցող գործիչները յուրաքանչյուրն իր հերթին ներկայացրեց իր ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Սրտաբան, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի ասիստենտ Համլետ Հայրապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ մարզերում սրտաբանական ծառայությունների հասանելիությունը դեռևս հավասար չէ մայրաքաղաքին. որոշ վիրահատություններ և միջամտություններ դժվար հասանելի են, ինչը ցավալի ազդեցություն է ունենում հիվանդների վրա։ Մասնագետը նշում է, որ, համեմատած վերջին տասնամյակի հետ, իրավիճակը զգալիորեն բարելավվել է․ մարզերում աստիճանաբար բացվում են կատետերիզացիոն լաբորատորիաներ, որտեղ կատարվում են ստենտավորում և այլ վիրահատություններ։

«Դա շատ կարևոր է, քանի որ սրտի ինֆարկտով հիվանդը պետք է շտապ վիրահատվի, և եթե նա Մեղրիից կամ այլ հեռավոր վայրից պետք է հասնի մայրաքաղաք, կորցվում է բուժման համար վճռական ժամանակը, ինչը սրտամկանի վնասի մեծացման պատճառ է դառնում»։

Մարզերում սրտաբանական ծառայությունների զարգացման մյուս մարտահրավերը մասնագետների պակասն է՝ ասում է։ Ներկայումս անհրաժեշտ է պետական քաղաքականություն, որը կգրավի բարձրակարգ բժիշկներին աշխատելու մարզերում։ Նախարարությունն ակնկալում է, որ համապարփակ բժշկական ապահովագրության ներդրումը կնպաստի այս խնդրի կարգավորմանը և հնարավորություն կտա ավելի շատ բարձրորակ մասնագետների ներգրավելու մարզային բուժհաստատություններում։ Սիրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մնում են մահացության առաջատար պատճառը, և Հայաստանը բացառություն չէ։ Մահերի կեսից մի փոքր ավելին բաժին է ընկնում սիրտանոթային հիվանդություններին, այդ թվում՝ սրտի ինֆարկտին և ուղեղի կաթվածին։

Առողջապահության ոլորտի փորձագետները նշում են, որ սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարը համարվում է ոչ միայն բժշկական և առողջապահական, այլ նաև սոցիալական կարևորագույն խնդիր։ Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանն արդեն ունեցել է որոշ առաջընթաց.

«Օրինակ, սրտամկանի ինֆարկտից ներհիվանդանոցային մահացությունը վերջին 10 տարիներին նվազել է 8–9%-ից մինչև 3,4%-ի՝ պետական ծրագրերի ներդրման շնորհիվ։ Ներկայումս իրականացվում է սրտամկանի ինֆարկտի առաջին ազգային ռեգիստր, որը հնարավորություն է տալիս ստանալ ավելի հստակ տվյալներ հիվանդության տարածվածության, բարդությունների և այլ կարևոր ցուցանիշների վերաբերյալ»։

Նախարարության և մասնագիտական ասոցիացիաների ջանքերով արդեն իրականացվում են կրթական ծրագրեր. սրտաբանական դպրոցներ՝ հիվանդների համար, որտեղ բացատրվում է հիվանդությունների ծագումնաբանությունը, պատճառները, պրոֆիլակտիկան և ճիշտ կենսակերպը։ Բացի այդ եվրոպական ասոցիացիաների թարմացված ուղեցույցները թարգմանվում և անվճար հասանելի են բուժառուներին։ Այս միջոցառումները նպատակ ունեն առաջիկա տարիներին նվազեցնելու սիրտանոթային հիվանդություններից մահացությունը և բարելավելու հիվանդների առողջապահական մշակույթը։

Իսկ հոգեբուժական և հոգեբանական ոլորտը Հայաստանում հատկապես մեծ ուշադրության է արժանացել պատերազմական տարիներից հետո. մասնագետների դերը հանրության հոգեկան առողջության ապահովման գործում զգալիորեն աճել է, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Հոգեբույժների ասոցիացիայի նախագահ, Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արմեն Սողոյանը։

Նա նշեց, որ պետական մակարդակով արդեն մշակվում է քաղաքականություն մասնագետների վերապատրաստման, որակավորման և մարզերում ծառայությունների մատուցման ուղղությամբ: Հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչները նշում են, որ գործընթացները հասնում են իրենց վերջնակետին, և արդեն հաջորդ տարի սպասվում են լուրջ կանոնակարգումներ ոլորտում: Մարզերում կադրային խնդիրները դեռ պահպանվում են, սակայն կառույցները քայլեր են իրականացնում որակյալ մասնագետների ապահովման համար:

«Մենք ունենք ստորագրված համաձայնագիր առողջապահության նախարարության հետ, որի շրջանակում մինչև տարվա վերջ կներկայացնենք առաջարկություններ՝ մարզերում բարձրորակ կադրեր ապահովելու համար։ Խնդիրը հիմնականում ֆինանսական է՝ պետությունը փորձում է ֆինանսավորել մասնագետների ուսուցումը, սակայն կարևոր է, որ նրանք աշխատեն նաև մարզերում»։

Ներդրումները ոլորտում արդեն նկատելի են. Հոգեկան առողջության պահպանության ազգային կենտրոնում  վերանորոգումներն ու նոր սարքավորումները բարելավել են սպասարկման պայմանները: Սա զգալիորեն բարձրացրել է թե՛ մասնագետների, թե՛ քաղաքացիների մոտ վստահությունը, ասում է հոգեբույժը:

Մասնագետների հետաքրքրությունն ու մոտիվացիան նույնպես աճում է. վերջին տարիներին հոգեբուժություն մասնագիտության նկատմամաբ հետարքրությունն է մեծացել։ Հոգեբուժական ասոցիացիան ստեղծել է երիտասարդ մասնագետների սեկցիա, որտեղ բացառիկ կրթական և պրակտիկ հնարավորություններ են տրամադրվում:

«Ինչպես Համաշխարհային ասոցիացիայի վարչության անդամ, մենք բացում ենք լայն դաշտ մեր երիտասարդ գործընկերների համար՝ ներգրավելով նրանց միջազգային ծրագրերում, որտեղ նրանք կարող են ցուցադրել իրենց որակները, զարգացնել անհատական հմտությունները և նպաստել հայաստանյան հոգեբուժության ընդհանուր զարգացմանը»։

Այս քայլերը, առողջապահության և մասնագիտական կառույցների համատեղ ջանքերով, նպաստելու են ոչ միայն մասնագետների, այլև հանրության հոգեկան առողջության պահպանման արդյունավետությանը ամբողջ երկրում, մասնավորապես մարզերում, ասաց Արմեն Սողոյանը։

Leave a Comment