Վթարային շենքում՝ պոլիէթիլենով ցրտից ու անձրևից պաշտպանվելով․ Գյումրիում երկրաշարժից տուժածները դեռ աղետալի պայմաններում են

1988 թվականի ավերիչ երկրաշարժից 37 տարի անց էլ Գյումրիում անօթևանության խնդիրը դեռ լուծված չէ: 2000-ից ավելի մարդիկ մինչև օրս ապրում են տնակներում ու վթարային շենքերում:

Գյումրիի Բուլվարային թաղամասի հարակից տարածքում 1987 թվականին շահագործման է հանձնվել քառահարկ երկու շենք, որոնք առանձնանում են յուրօրինակ ճարտարապետական կառուցվածքով: Դրանցից մեկը ռադիոգործարանի նախկին հանրակացարանի շենքն էր, մյուսում տեղակայված է եղել նախկին արհեստագործական ուսումնարանը: Ավերիչ երկրաշարժից հետո այս շենքերում բնակություն են հաստատել անօթևան մնացած, տուն ու տեղ կորցրած գյումրեցիները, որոնց հետագայում միացել են նաև այլ կարգավիճակ ունեցող ընտանիքներ:

34-ամյա Արմեն Կուտսուզյանը երկու տարեկանից ծնողների հետ բնակվում է վթարային դարձած շենքում: Հիմա այստեղ է ապրում կնոջ ու երկու մանկահասակ երեխաների հետ: Քայքայված պատերով կացարանում մշտապես կաթոց՝ նկարագրում է Արմենը, ով անձրևաջրերի հոսքը կանխելու համար պոլիէթիլենային թաղանթով մի կերպ ծածկել է առաստաղը:

«Սոնք էրել եմ, որ տունս չգա հասնի, գոնե կես-կես լցե դուրս, հնար չկա, փթցնեգը, արևը զարկեգը, քամին զարկեգը պոկվիգը ցելաֆոնները, ինչ կրնամ ըդքանը կենեմ, ոչ կրնամ կռիշ կապեմ մեջը, սաղ անձրևը կերթա տներս լցվիգը»:

Քառահարկ շենքը տանիք չունի, երրորդ ու չորորդ հարկերում միայն ավերակներ են ու կենցաղային աղբ: Կոյուղատար համակարգ ևս չկա, իսկ խմելու ջուրը բնակիչները տուն են հասցնում նկուղից: Արմենն ու կինը՝ Լիլիթը, մանկահասակ երեխաներին լողացնում են տաշտի մեջ, կոմունալ նվազագույն հարմարություններ անգամ շենքում չկան:

«Կոմունալ հարմարություն չկա, ջուրը կրովի է, առաջի հարկից, հազիվ, մի կերպ կկրենք երկրորդ հարկ, գազ չունինք, բալոն է: Հենց անձրևը գուգա տնից հնարավորինս թռնինգը, օր չկաթա վրեքս: Տաշտ է, վեդրո է, մեդրո է կդնենք, օր տներս չավիրվի»:

«Ստեղ տաշտ պտի դնես, որ լողնաս, կամ էրթաս, պտի պեշքի կողքը լողնաս: Սիգ սաղ պատվալի կրած ջրերն է, կերթամ կհանեմ, օր տունը ջուր էղնի»:

Նախկին հանրակացարանում բնակվող բոլոր 9 ընտանիքների խնդիրները նույնն են: Ճաքճքած, իրարից առանձնացած պատերից ներս ապրելը ոչ միայն վտանգավոր է, այլև ձմեռվա ընթացքում ջեռուցելն է դարձել մեծ խնդիր: Բնակարանանման տարածքների պատերն արդեն սևացել են վառարանի ծխից: Ինչ գտնում, այն էլ վառում են, որ երեխաները չմրսեն անտանելի ցրտից՝ դժգոհում է հարևանությամբ ապրող տան բնակիչ Սերգո Գալստյանը:

«Էս պայմաններում էրեխուս կպահեմ, երկրորդ դասարանի էրեխա է, հիվնդցել է էս շենքի խոնավ պայմաններում: Չորորդ հարկից ջուրը կչռա, կելնիմ երրորդ, գոնե ջուրը կմաքրեմ, օր գոնե տանս մեջը չէղնի, որ էրեխես կրնանա լավնա: Մերս հիվանդ, կարելի է սել ես էլ առողջական չունիմ, արդեն մեջքի խնդիր ունիմ էս խոնավության պատճառով: Կներեք հազար անգամ, շունն օր շուն է, ժամմ էս շենքի մեջը չի ապրի»:

Մութ, խոնավ ու ցուրտ պայմաններում բնակվող ընտանիքներն ունեն նաև սոցիալական խնդիրներ: Ընտանեկան նպաստով, իսկ տարեց բնակիչներն էլ ծերության թոշակով են ծայրը ծայրին հասցնում: Երիտասարդներն էլ փորձում են օրավճարով աշխատանք գտնել ու լուծել ընտանիքների օրվա հացի խնդիրը: Իրենց մոռացված ու անտեսված համարող բնակիչները ամեն օր պայքարում են նաև կրծողների դեմ:

«Կռիս էլ կա, մուկ էլ կա ստեղ, էս տան մեջն էլ է էղե, ծակենգը, փորենգը, մտնինգը հացի ամանների մեջը»։

Արդեն 32 տարի է՝ նույն շենքում է ապրում նաև Սիլվա Սաքանյանը: Ամուսնու և որդու մահվանից հետո մնացել է միայնակ: Մի կերպ վառելիք է հայթայթել ձմռան համար: Իր բնակարանում էլ կաթոցները մշտական են, գետնին դրված տարաներն է ցույց տալիս թոշակառու բնակչուհին ու դժգոհում իշխանության անուշադրությունից:

«Կաթիլկի տակն էլ օր կեղնի ամաններ կդնեմ, ան նայե, երրորդ հարկից չռռագը, հնար, Աստված չկա: Մի հատմ էս թարաֆ չեն շիտկվի, գան տեսնին, թե էս ժողովուրդը ինչ վիճակի են»։

Նախկին հանրակացարանային շենքը վերակառուցելու, այլ նպատակների ծառայեցնելու մի քանի ծրագիր է մշակվել, սակայն դրանք այդպես էլ մնացել են թղթի վրա: Ընտանիքները բազմիցս դիմել են  խնդրի կարգավորման հարցով:  

Բայց Գյումրիի քաղաքապետարանում առկա կառավարման խնդիրների պատճառով այս ծրագիրը ևս դեռ անավարտ է: Քաղաքապետարանից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ ավագանու նախորդ նիստում արդեն ներկայացրել են սուբվենցիոն ծրագրով քաղաքում սոցիալական բնակարաններ կառուցելու նախագիծը, որը ստացել է դրական եզրակացություն:

Շենքերի կառուցումից հետո կդիտարկվի նաև հանրակացարանում ապրող ընտանիքներին սոցիալական բնակարաններ հատկացնելու հարցը, իսկ ներկայիս վթարային շենքերը հետագայում կծառայեցվեն այլ նպատակների համար: Մինչև այդ քաղաքապետարանը, հասարակական կազմակերպության աջակցությամբ, շենքի բնակիչներին օգնում է վառելափայտ տրամադրելու հարցում:

Leave a Comment