13 դեկտեմբերի 2025 – 12:23 AMT
PanARMENIAN.Net – Երևանի ավագանին առաջարկում է Վազգեն Սարգսյան փողոցի 6-րդ շենքի հանդիպակաց մայթին հարող կանաչ տարածքում տեղադրել մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։ Արձանի հեղինակները վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն ու վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն են։
Նախագիծն ընդգրվելու է ավագանու առաջիկա նիստի օրակարգում, հայտնում է Factor.am-ը։
Մկրտչյանի արձանը տեղադրելու առաջարկով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է դիմել Տիգրան Արզումանյանը։
«Կարևորելով Մհեր Մկրտչյանի հիշատակը վառ պահելու, ապագա սերունդներին փոխանցելու, ինչպես նաև անվանի արվեստագետների գործունեությունն ու երախտիքը պատշաճ գնահատելու և ներկայացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է տալ համաձայնություն Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը»,–ասվում է հիմնավորման մեջ։
1986 թվականին դերասանի ջանքերով հիմնադրվել է Երևանի քաղաքապետարանի Վ. Աճեմյանի անվան արտիստական թատրոնը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին՝ Գյումրիում։ Նա ուսանել է այդ քաղաքի նկարչական և երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախելով թատերական ինքնագործ խմբակ։
1945-1946 թվականներին նա կրթություն է ստացել Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որի ավարտից հետո՝ 1947-ին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական կազմում։
1951-1956 թվականներին ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Մհեր Մկրտչյանը մասնակցել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Հին օրերի երգը», «Կովկասի գերուհին», «Միմինո», «Այբոլիտ-66»։