Խզում է առաջացել իշխանություն-հասարակություն կապում․ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ` Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը խիստ վախեցած է 2026 թվականի ընտրություններից: Այս մասին նա ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Ո՞ւր են տանում հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակ։

Քաղաքագետի վերլուծությամբ՝ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ իրենց հայտարարած խաղաղությանը երաշխավորներ գտնելու փնտրտուքի մեջ են, առայժմ չեն հաջողում եւ խիստ նյարդայնացած են․ սա հայ հասարակությունը շատ լավ հասկանում է, ինչի արդյունքում էլ խզում է առաջացել իշխանություն-հասարակություն կապում․

«Հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իշխանությունն ունի 10-15 տոկոս կայուն վարկանիշ, 10-15 տոկոսն էլ մարդիկ են, ովքեր իմպերատիվ մերժում են իշխանությանը, մնացած 70 տոկոսը մարդիկ են, ովքեր շատ պասիվ դիրքորոշման մեջ են։ Այս մարդիկ ուզում են գտնել իրենց պատկերացումներով այլընտրանք․ այլընտրանք, որը ոչ միայն կքննադատի իշխանությանը, կնշի այս իշխանության բոլոր խոցելի կողմերը, այլ առարկայական կներկայացնի, թե ի՞նչ այլընտրանք են տեսում այս իշխանությանը։ Քանի որ չեն գտնում, իրենց մոտ առաջանում է պասիվ, կրավորական, բայց ընդդիմադիր տրամադրվածություն, բայց ոչ ակտիվ գործողություններ։ Սրա արդյունքում ստացվում է այնպես, որ փոքրամասնությունը ներկայացնող իշխանությունը կարողանում է պահպանել իր իշխանությունը, իսկ մեծամասնությունը չի կարողանում փոխել իշխանությանը»։ Այս հարցի շուրջ երկար մտորելուց հետո, Երվանդ Բոզոյանն այսպիսի պատասխան է գտել․ «Մեր երկրում, 30 տարվա ընթացքում, տնտեսական եւ քաղաքական դաշտում ձեւավորվեց փակ, ոչ կորպորատիվ մտածողություն։ Տեսեք, տնտեսական դաշտում գերակշռում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կամ փակ բաժնետիրական ընկերությունները․ այսինքն, բաց բաժնետիրական ընկերությունները շատ քիչ են։ Նույն մտածողությունը քաղաքական դաշտում է․ կա մոտ 100 կուսակցություն, բայց դրանք ընդհանրապես չեն աշխատում հասարակության հետ, հասարակության ճնշող մեծամասնությունն իրենց չի ճանաչում, իրենցից որեւէ սպասում չունի։ Ավելին, քաղաքական հիմնական խաղացողները սեփական օրակարգով էլ հանդես չեն գալիս, որպեսզի հասարակությունն այդ օրակարգը ընդունի»։

Leave a Comment