Վահան Կոստանյանը Բենիլյուքսի ԱԳՆ-ների քաղաքական տնօրենների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի՝ Հայաստանում կայանալիք գագաթնաժողովի հարցը
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների հետ:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձ է կատարվել բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հայաստանի ժողովրդավարության դիմակայունության հետագա ամրապնդման համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքներին արդյունավետ հակազդելու մեխանիզմներին՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են ընթացիկ տարվա դեկտեմբերի 2-ին «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի ստորագրման հանգամանքը: Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդլայնվող օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում 2026թ. կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման շուրջ:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը՝ Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment