ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ընթացքից։ Նա կարծում է, որ չափից շատ ժամանակ է վատնվում հանդիպումների ու բանակցությունների վրա, իսկ գործը տեղից չի շարժվում։
Թրամփը պնդում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնեն։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ի պատասխան հայտարարում է, որ պատրաստ է դրան, սակայն հրադադար և անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ։
Ուկրաինական խնդրում ընդհանուր հայտարարի չհանգելու և ընդգծված տարաձայնությունների պատճառով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացնում է, որ Ուկրաինայի պարտություից հետո Ռուսաստանի հաջորդ թիրախը կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները:
Ուկրաինայում նախագահական ընտրություններ հնարավոր են, եթե հրադադարը պահպանվի առնվազն քվեարկության ողջ ընթացքում, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Ամերիկան պետք է սա քննարկի ռուսական կողմի հետ»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու հարցն առաջ է քաշել ԱՄՆ նախագահ Թրամփը։ Մինչդեռ Զելենսկին հակադարձում է, որ հնարավոր է ընտրություններ անցկացնել պատերազմական պայմաններում, բայց հրադադարի պայմանով՝ առնվազն ընտրական գործընթացի և քվեարկության ողջ ընթացքում։
«Մենք պատրաստ ենք աշխատելու նախագահ Թրամփի հետ ցանկացած ձևաչափով։ Եվ եթե նախագահ Թրամփը պնդի Ուկրաինայում ընտրություններ անցկացնել՝ մենք կարող ենք փորձել անցկացնել ընտրություններ։ Ուկրաինան չի թաքնվում ժողովրդավարությունից»։
Իսկ ընտրությունների անվտանգությունն ապահովել, ըստ Զելենսկիի, կարող է հենց Միացյալ Նահանգները։ Նա կարծում է, որ Վաշինգտոնը այս հարցը պետք է քննարկի Մոսկվայի հետ։ Ավելի վաղ նա ասել էր, որ եթե անվտանգությունն ապահովվի, հնարավոր է ընտրությունների օրը նշանակել առաջիկա 2-3 ամսվա մեջ։
Դեռ դեկտեմբերի սկզբին Դոնալդ Թրամփը կրկին հայտարարեց, որ Ուկրաինայում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն: Նա նշում էր, որ Կիևում օգտագործում են պատերազմը ընտրություններից խուսափելու համար:
Իսկ այսօր նա Զելենսկիին իրատես լինելու կոչ է անում․
«Զելենսկին պետք է իրատես լինի… Ինձ հետաքրքրում է է՝ դեռ որքան ժամանակ պետք է անցնի նախքան ընտրությունների անցկացումը։ Ուկրաինայի բնակչության 82 %-ը պահանջում է իրավիճակի կարգավորում»։
Թրամփը նման կոչ արել էր նաև այս տարվա փետրվարին՝ իր պաշտոնավարման սկզբում, սակայն նշել էր, որ Զելենսկիի վարկանիշը հավանական է՝ 4 % կազմի:
Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում ընտրություններն արգելված են երկրի օրենքներով:
Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2024–ին, բայց հայտարարված ռազմական դրության պատճառով դրանք հետաձգվեցին։ Սա հիմք ընդունելով՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ Զելենսկին լեգիտիմ նախագահ չէ:
Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու որոշման համար անհրաժեշտ են խորհրդարանի անդամների մեծամասնության ձայները։
Ուկրաինական խնդրով անհամաձայնությունների պատճառով Թրամփը «չափազանց նյարդայնացած է» և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը տեղեկացնում է, որ Թրամփը հոգնել է ձևական հանդիպումներից և ցանկանում է գործողություններ ձեռնարկել։ Միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ վարչակազմը ավելի քան 30 ժամ է անցկացրել ռուսների, ուկրաինացիների և եվրոպացիների հետ հանդիպումներին և զրույցներին՝ նշում է քարտուղարը։
Ամեն դեպքում Վաշինգտոնը կշարունակի աշխատել կողմերի հետ։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը չի պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ-ն կմասնակցի Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպմանը, որը նախատեսված է դեկտեմբերի 13-ին Փարիզում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահին փոխանցվել են առաջարկներ այն մասին, թե ինչ տարածքային զիջումների է պատրաստ Ուկրաինան։ Առաջարկները կազմվել են նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, որին, Մերցից և Թրամփից բացի, մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը։
Մերցը Թրամփի հետ այս զրույցը կառուցողական է համարել։ Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է Ուկրաինայում խաղաղություն հաստատել եվրոպացիների հետ համատեղ։ Թրամփը, սակայն, ասում է, որ այդ քննարկման ժամանակ կոշտ խոսքեր են հնչել։
Զելենսկին էլ, բացելով փակածգերը, ասել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է ապառազմականացված գոտի ստեղծել Դոնբասում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն առաջարկում է, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնեցկի մարզի մնացած տարածքներից և երկրի արևելքում ստեղծեն ապառազմականացված հատուկ տնտեսական գոտի։
Ըստ Զելենսկիի՝ ԱՄՆ-ն թույլ կտա Ռուսաստանին պահպանել զորքերը Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, բայց կպահանջի, որ նրանք դուրս գան Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի մարզերից։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ իր երկրի տարածքի վերաբերյալ յուրաքանչյուր փոխզիջում պետք է ենթարկվի ազգային քվեարկության։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ, զուգահեռներ անցկացնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, զգուշացրել է, որ Ուկրաինայի պարտությունը կվնասի ՆԱՏՕ-ն: Ըստ նրա՝ դաշինքը Ռուսաստանի հաջորդ թիրախն է, իսկ ՆԱՏՕ-ի ամրապնդման տեմպը բավարար չէ Մոսկվային զսպելու համար։ Ռյուտեն պնդում է, որ հիմա գործելու ժամանակն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բանակցությունները որակել է որպես փորձություն Ռուսաստանի նախագահ Պուտինի համար։ ՆԱՏՕ-ն և Գերմանիան վստահեցնում են, որ կշարունակեն աջակցել Ուկրաինային։
Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին ղեկավար Վոլֆգանգ Իշինգերն այսպիսի նկատառումներ է հնչեցնում․
«Սա կարող է ցինիկ հնչել, բայց քանի դեռ ուկրաինացիները քաջաբար պատերազմում են, Եվրոպան անվտանգ է»։
Միջազգային մամուլը ուշադրության է արժանացնում այն, որ Մոսկվան ևս 30 %-ով ավելացրել է ուկրաինական պատերազմին հատկացվող ծախսերը։
Ռուսաստանի ռազմական ծախսերը ինն ամսվա ընթացքում հասել են գրեթե 12 տրլն ռուբլու: Բյուջեի կեսից ավելին գաղտնի է: Սրան զուգահեռ՝ սոցիալական ծախսերի մասնաբաժինը նվազել է և հասել նվազագույն ամենացածր մակարդակին: Այս տվյալները հրապարակել է Գերմանիայի միջազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Յանիս Կլյուգեն՝ հիմնվելով Ռուսաստանի ֆինանսների նախարարության վիճակագրության վրա։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զենքի արտադրության և ռազմական այլ ծախսերն աճել են ևս 30 %-ով՝ նշում է փորձագետը։