Լիդյա Մանթաշյանին կալանքից ազատելու դեպքն ապացուցեց, որ հանրային ճնշումը կարեւոր է՝ որոշումների կայացման համար, անգամ դատավորի, ով մի քանի օր առաջ կալանքի որոշում էր կայացրել:
Այս մասին ասել է փաստաբան Արմինե Ֆանյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Ո՞ւր են տանում հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակ։
Ֆանանյանը նկատեց, որ դա եղավ Գյումրիում, Յոթ վերք եկեղեցում, որտեղ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգին ու ծիսակարգին հակասող բան էր տեղի ունենում, եւ գյումրեցիները դրան անտարբեր չմնացին։ Դրա լավագույն պատասխանը Սուրբ Հովհաննես եկեղեցու լեփ-լեցուն պատարագն էր։
Բանախոսի գնահատմամբ՝ իշխանությունը, նրա սպասավոր հոգեւորականները Գյումրիում բախվեցին հասարակության իրական կարծիքի հետ։
Փաստաբանը նաեւ արձանագրում է՝ հասարակության իրավագիտակցությունն է բարձրացել վերջին շրջանում․ մենք ունեք հասարակություն, որն իրավական խնդիրների վերաբերյալ անտարբեր չէ, ակտիվ է, եւ այդ ակտիվությունը դրական առումով կարող է ազդեցություն ունենալ հետագա նաեւ քաղաքական զարգացումների վրա․ «Ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա, որ որոշում կայացնելով՝ կարող է բախվել հանրային կարծիքի հետ, որը կարող է նաեւ դաժան լինել»։
Նա համամիտ է՝ ընդդիմադիր ձախողված շարժումները բերել են հասարակության անտարբերության, բայց կա հիմնական շերտ, որը շարունակում է ակտիվ լինել, եւ եթե այդ շերտի հետ գրագետ աշխատանք տարվի՝ արդյունքը միանշանակ կլինի։